Աժ պատգամավոր Վահան Բաբայանը, կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հարց ուղղեց ՀՀ վարչապետին, թե արդյոք ինչ-որ քայլեր կառավարությունը ձեռնարկելո՞ւ է «Շրջանառության հարկի մասին օրենքում» կատարված փոփոխությունից դժգոհող ՓՄՁ ներկայացուցիչների բարձրացրած խնդիրը լուծելու ուղղությամբ:
«Մեր և ձեր խնդիրն է ժողովրդին բացատրել,- պատասխանելով Վահան Բաբայանի հարցին, ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը։- Չեմ հասկանում ձեր այդ կեցվածքը` ուլտիմատում ներկայացնել: Մենք մինչև այս օրենքի ընդունումը բազմաթիվ քննարկումներ ենք արել Աժ պատգամավորների ներկայությամբ, ՓՄՁ կարկառուն ներկայացուցիչների ներկայությամբ: Քննարկել ենք, հետո ընդունել ենք: Մենք քայլ ենք կատարել, իջեցրել ենք շրջանառության հարկի բեռը: Մենք պետք է նրանց բացատրենք, ասենք, որ եթե ձեր շրջանառությունը կազմում է 58 350 000 դրամ, ողջամիտ չի, որ նրանք հրաժարվեն 1% հարկ վճաևրելուց: Պարզ չի՞, որ իրենց շրջանառությունը, կարող է 3 մլն է: Մենք սկզբից սկսելու ենք խոշորներից: Չգիտեմ ում հնարածն է, թե մենք գնալու ենք թուրը քաշենք ՓՄՁ-ներին ճնշենք, ոչ, նման բան չի լինելու»,- ասաց վարչապետը:
«Երիտասարդ եք, ես ուզում եմ, որ լինեք անաչառ բոլոր հարցերում: Բազմիցս Ձեզ ասել եմ ֆեյսբուքյան անհիմն գրառումների մասին: Հիմա դուք մի ձև եք ընտրել, ճամբար եք ընտրել, որ էս իշխանությունը ժողովրդի մասին մտածող չի, մենք ենք մտածողը: Սխալվում եք, մենք ենք մտածողը: Միտինգ անելով, դժգոհներ հավաքելով երկիրը հարց չի լուծում: Ձեզ ժողովուրդն ընտրել է, մենք կառավարություն ենք ձևավորել, որպեսզի գործ անենք: Հիմա դուք ուզո՞ւմ եք գործ անել: Մարտի մե՞կ եք ուզում ունենաք, ձեր ցանկությունն ի՞նչ է: Մենք պետք է կատարենք աշխատանք: Ես առաջարկում եմ բոլոր քաղաքական ուժերով միանալ ու համագործակցել ու միասին այս խնդրին տալ լուծում:
Նիստը ավարտվելուց հետո վարչապետը շարունակեց խոսել Վահան Բաբայանի հետ` ասելով.
«Ինչ ես արել մինչև հիմա, որ մի բան էլ ուզում ես, արա: Ի՞նչ ես ուզում իմանաս, կգաս ինձ մոտ, կասեմ, եթե շատ ես ուզում»։