Այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով սպառողների համար գազի գնի հնարավոր նվազմանը, նշել էր, որ այս պահին հստակ չէ, թե ինչ է տեղի ունենում: «Սակագնի սահմանման իրավասությունը Հանրային ծառայությունները կարգավարող հանձնաժողովինն է: Այս պահին ինձ հայտնի չէ նման դիմումի կամ ինքնուրույն վարույթի առկայություն»,- ասել էր նա:
Հիշեցնենք, որ երեկ երեք կառույցից՝ ՀԾԿՀ-ից, Գազպրոմ Արմենիայից եւ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունից Araratnews.am-ին հայտնել էին, որ միայն վավերացված համաձայնագիրը լինելու պարագայում հնարավոր կլինի հարցը քննարկել: Իսկ սա այն պարագայում, երբ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Լեւոն Յոլյանը ապրիլի յոթից հետո հայտարարում էր, թե ընթանում են հաշվարկներ:
Սակայն երեկ Յոլյանի խոսնակը մեզ հայտնել էր հետեւյալը. «Սակագների վերանայման հարցերով զբաղվում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը»:
ՀԾԿՀ-ի մամուլի խոսնակ Մարիամ Ստեփանյանն էլ իր հերթին նշել էր հետեւյալը. «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից սակագնի վերանայման որեւէ հայտ իրենք չեն ստացել, բացի այդ փոփոխությունը հավաստող որեւէ պաշտոնական փաստաթուղթ դեռեւս մուտք չի եղել հանձնաժողով:
Ու՞ր է համաձայնագիրը, երբ պարզ կդառնա գազի գնի փոփոխությունը սպառողների համար: Araratnews.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ Կառավարության լրատվական ծառայություն: Կառավարության լրատվականը իր հերթին մեր գրավոր հարցումը հասցեագրել էր ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարություն: Այնտեղից մեզ հայտնել էին հետեւյալը. «Սպառողների համար սահմանված սակագների փոփոխության մասին հնարավոր կլինի խոսել ՀԾԿՀ-ի կողմից որոշումն ընդունելուց հետո միայն»:
Իսկ, թե ՀԾԿՀ-ին որոշում ընդունելու համար ինչ մեխանզիմներ են պետք, առաջարկում ենք ծանոթանալ մեր երեկվա հրապարակումում:
Ինչ է կատարվում իրականում, որ կառույցը լիարժեք չի իրականացնում իր գործառույթը, ի վերջո երբ պարզ կդառնա գազի գնի նվազումը սպառողների համար անորոշ է: Նշենք, որ Araratnews.am-ը հետամուտ կլինի այս հարցում:
Փայլակ Ֆահրադյան