տուն Լուրեր Ի՞նչ դեր պետք է խաղա սպառողը. Հրանտ Բագրատյանը` Արմեն Մուրադյանին

Ի՞նչ դեր պետք է խաղա սպառողը. Հրանտ Բագրատյանը` Արմեն Մուրադյանին

74
0

Հրանտ-Բագրատյան

Խորհրդարանում այսօր քննարկման դրվեց «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը։

Քննարկման ընթացքում ԲՀԿ-ական պատգամավոր Ստեփան Մարգարյանը նախագծի հիմնական զեկուցող, Առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ նկատի ունի ասելով՝ «պաշտպանել մասնագիտական պատիվն ու արժանապատվությունը» խոսքերը, նկատելով, որ սույն օրենքի նախագծում հաշվի չեն առնվել բուժաշխատողի պաշտպանվածության հարցը: Նա նաև հարցրեց կլինիկաների լիցենզավորման վիճակի մասին։

«Կլինիկաները ենթակա են մի օրենքի և մի կանոնակարգի, ուղղակի փոքրերին վերաբերող այլ չափանիշներ կան, մեծերի համար՝ այլ: Ինչ վերաբերում է բուժաշխատողին աշխատանքից ազատելուն կամ նրա իրավունքը պաշտպանելուն՝ առանձին մոտեցում չեն մշակել: Իսկ մասնագիտական իրավունքի պաշտպանության մասով, մենք, այսպես կոչված, «սամասուդի» ինքնուրույն որոշումներին դեմ ենք: Մենք ուզում էինք, որ փոփոխություն մտցվի, որ ինչպես ոստիկանության աշխատողի վրա ձեռք բարձրացնելու դեպքում ավելի շատ է տույժ հասնում, քան մյուս դեպքում, այնպես էլ բժշկի նկատմամբ բռնի գործողություն լինելու դեպքում ավելի խիստ տույժ ստանան, քան ընդհանրապես: Եթե բուժաշխատողը սխալվել է, թող պատժեն օրենքով, այլ ոչ թե գիշերը մի խմած մարդ գա ու ձեռք բարձրացնի նրա վրա»,- պատասխանեց նախագծի հիմնական զեկուցող Արա Բաբլոյանը:

Հնչած պատասխանը չբավարարեց պատգամավորին և նա կրկնեց իր հարցը:

«Ինչ վերաբերում է բժշկին աշխատանքից ազատելուն կամ նմանատիպ խնդիրները կարգավորելուն՝ տեղյակ պահեմ, որ Աշխատանքային օրենսգիրքն այնպիսի նորմեր է հաստատել, որոնք որ բացառապես չեն համապատասխանում մեր կարողություններին»,- շարունակեց նա:

Այնուհետև նախագիծի մասին իր տեսակետն ասաց Առողջապահության նախարար, նախագծի հարակից զեկուցող Արմեն Մուրադյանը։ Նա, խոսելով օրենքի կարևորության մասին, նկատեց, որ այս օրենքը կիրառվում է ոչ միայն զարգացող երկրներում, այլև զարգացած երկրներում։

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանին այս նախագծում այլ բան է հուզում, նա կարծում է, որ անտեսված է սպառողի՝ բուժօգնությանը գնահատական տալու իրավունքը։

«Դուք գտնում եք՝ ճի՞շտ է օրենք ընդունել, որով որակավորում եք ու սերտիֆիկատ տալիս բժշկին, իսկ ի՞նչ դեր պետք է խաղա սպառողը, որի գնահատականն ամենակարևորն է»,- հարցրեց Բագրատյանը։

Առողջապահության նախարարն, անդրադառնալով պատգամավորի հարցին, նշեց, որ նույնպես կարևորում է սպառողի կարծիքը, սակայն նվազագույն պահը պետք է ապահովի պետությունը՝ հաշվի առնելով, որ առողջապահական հիմնարկն ավելի շատ ինֆորմացիայի է տիրապետում։

«Շատ անգամ խնդիրների լուծման ժամանակ մարդիկ տալիս են հուզական գնահատական, սակայն բժշկական հիմնարկը և մասնագետներն ավելի լավ գիտեն բժշկական ոլորտի մասին։ Այս օրենքով, օրինակ, ավագ բուժաշխատողը պետք է 220 կրեդիտ հավաքի, միջին բուժաշխատողը՝ 140»,- ասաց նա։

Սակայն Բագրատյանը նույնպես կրկնեց հարցը՝ կատարելով հետևյալ համեմատությունը.

«Չեմ ասում նվազագույն սահման մի սահմանեք, ես ասում եմ՝ օրենքում ցույց տվեք մի կետ, որտեղ կա սպառող։ Պատկերացրեք` եկել եք մեր տուն ծորակը վերանորոգելու համար, սական վերանորոգելուց հետո ջուր է կաթում։ Հիմա սպառողը բողոք ունի, իսկ դուք ասեք՝ չէ, լավ մասնագետ է, սերտիֆիկատ ունի»,- հարցը հստակեցրեց Հրանտ Բագրատյանը։

Առողջապահության նախարարը, սակայն, կրկին նույն պատասխանը տվեց: