«Սերժ Սարգսյանը լրջագույն խնդիր ունի վերարտադրության և դրան խանգարում է սահմանադրական արգելք, որպեսզի իր երրորդ վերընտրությունը տեղի ունենա: Արգելքը շրջանցելու համար նա նախաձեռնել է իր թիմակիցների հետ միասին սահմանադրական ռեֆորմը՝ անցում կատարելու խորհրդարանական համակարգին: Այդպիսով, Սերժ Սարգսյանը կամ կպահպանի ԱԺ նախագահի պաշտոնը, կամ միգուցե վարչապետի պաշտոնը՝ համատեղելով ՀՀԿ նախագահի պաշտոնի հետ, սակայն իրականում պահպանելով իր անձնական իշխանության ռեժիմը»,- այսօր խորհրդարանում «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ընթացքում հայտարարեց ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանն, ինչպես ինքն ասաց, նպատակ ունենալով հանրությանը ցույց տալ , թե ինչ գործընթացներ են իրականում տեղի ունենում:
Վերջինս իր ելույթում կարևորեց հեռուստատեսությամբ քարոզչության ապահովումն ու հավասար պայմանների ստեղծումը:
Եզրափակելով ելույթը՝ պարոն Զուրաբյանը նշեց. «ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն դաշնակցել են ոչ միայն այս սահմանդրական փոփոխություններին «այո» ասելու գործում, այլև այդ «այո»-ն կեղծելու գործում: ՀՅԴ-ն ում հետ դաշնակցել է, այդ ուժերը միշտ վատ վախճան են ունեցել»:
ՀՅԴ պատգամավոր, հիմնական զեկուցող Արծվիկ Մինասյանին զայրացրեց Լևոն Զուրաբյանի հայտարարություններն ու դիմելով ՀԱԿ խմբակցության ղեկավարին՝ ասաց, որ պրն Զուրաբյանն այդպես էլ չկարողացավ սովորել աշխատել մյուս կուսակցությունների անդամների հետ փոխադարձ հարգանք ապահովելով:
«Այն ժամանակ, երբ ՀՅԴ-ն այս գաղափարների տեր քաղաքական ուժն էր, ձեր կուսակցությունը, պրն Զուրաբյան, դեռ ծնված էլ չէր: Կեղծարարության մեջ մասնագիտացված լինելով՝ Դուք մեղադրում եք մի քաղաքական ուժի, որն անգամ կասկածի նշույլ չի տվել: Ի՞նչ բարոյական հիմքով եք դա անում: Ստախոսը Չուք եք, որ այս ամբիոնից անիմաստ հայտարարություններ եք անում»: