Ինչ բանակցել այդ 12 կետերի առթիվ, որոնք ժողովրդի պահանջն են, դրանք լուծել է անհրաժեշտ:- Այս մասին Ազգային Ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանըˋ անդրադառնալով այսօր վարչապետ Հովիկ Աբրահամյանի արած հայտարարությանը, թե՝ պատրաստ է բանակցել եռյակի հետ 12 կետերի շուրջ:
«Դրանք 15 են և ավելին, դրանք 25 են և 250: Տասներկուսը պարզապես առավել արտահայտիչ և առավել հրատապ լուծումներ պահանջող կետերն են»,-ասաց Ուրիխանյանը:
Լրագրողների այն հարցին, թե ինչպես է վերաբերում վարչապետի այն առաջարկին, որ եռյակը երեք հոգանոց խումբ ձևավորի և իր առաջարկներն ու մոտեցումները 12 կետերի շուրջ ներկայացնի Կառավարության հետ բանակցություններում, Ուրիխանյանը պատասխանեց.
«Իշխանությունն է տիրապետում դրանք լուծելու լծակներին, իշխանությունը պետք է բավարարի ժողովրդի պահանջը»:
Այն հարցին, թե ինչպես է վերաբերում այն փաստին, որ ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» դիմել են Երևանի քաղաքապետարանին առանձին առանձին՝ դեկտեմբերի 10-ին Ազատության հրապարկը զբաղեցնելու համար, Ուրիխանյանն ասաց, որ վերը նշված կուսակցությունները իրավասու են յուրաքանչյուրը իրենց կուսակցության կանոնադրության և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնել ցանկացած գործողություն:
«Բայց 3 ոչ իշխանական ուժերը միասնաբար քննարկում են տարբեր խնդիրներˋ երբեմն ունենալով մարտավարական տարբեր մոտեցումներ: Սակայն պահպանելով հիմնական ռազմավարական նպատակակետըˋ միասնաբար իրականացնում են այն, ինչ միասնաբար որոշում են»,-ասաց Ուրիխանյանը: