տուն Լուրեր Ի՞նչ կլինի ՀԷՑ-ի վաճառքից հետո.մեկնաբանում են մասնագետները եւ «Ո՛չ թալանին» նախաձեռնությունը

Ի՞նչ կլինի ՀԷՑ-ի վաճառքից հետո.մեկնաբանում են մասնագետները եւ «Ո՛չ թալանին» նախաձեռնությունը

131
0

ena

Ռուսական «Ինտեր ՌԱՕ» ընկերությունը դիմել է Հայաստանի կառավարությանն՝ իրեն պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունը «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանը վաճառելու հարցով։ Մի քանի նախարարություններ, ինչպես նաեւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարականով կուսումնասիրեն բոլոր փաստաթղթերը եւ եռօրյա ժամկետում կներկայացնեն եզրակացություն: Այս մասին հայտնի դարձավ այսօր Կառավարության նիստի ընթացքում:

Տնտեսագետ Արտակ Մանուկյանը մեզ հետ զրույցում հիշեցնում է՝ դեռ երեք ամիս առաջ է ասել, որ ՀԷՑ-ը վաճառվելու է: Araratnews.am-ին տնտեսագետը ներկայացրեց վաճառքի արդյունքում իր ունեցած առաջին տպավորությունները:

«Լուրջ հիմնավորումներ կտա, որ սակագինը չփոփոխվի կամ առնվազն սակագնի մասով մենք ունենանք հստակություն, որովհետև կամայական ներդրողը ներկայացնում է իր ներդրումային պլանը, որում առանձնահատուկ դեր է խաղում թե´ տեխնիկական կորուստները եւ դրանց ուղղված ներդրումները, թե´ ինչ սակագնով է նա պատրաստվում վաճառել, այսինքն՝  հնարավորություններ կան դիտարկել սակագնի ավելի ռացիոնալացման եւ օպտիմալացման տարբերակներ,- բացատրեց տնտեսագետն ու ավելացրեց. նոր ներդրողի գալով ոչ միայն սակագնի բարձրացում չենք ունենա, այլեւ ներդրողն իր գործունեությամբ կարող է  անգամ սակագնի իջեցման քաղաքականություն վարել»:

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն այլ կարծիքի է, այսօր լրագրողների հետ զրույցում հայտնել է.  «Սակագինն արդեն հաստատված է ՀԾԿՀ-ի կողմից: Այն չի վերանայվի, սակագինը ո՞նց կարող է վերանայվել, եթե նոր սակագինն արդեն գործում է»:

Տնտեսագետ Արտակ Մանուկյանը նկատում է նաեւ՝ գործարքին մասնակցում են հայ գործարարների հետ կապ ունեցող անձիք:

«Ակնհայտ է, որ այս գործարքին մասնակցում են հայ գործարարների հետ կապ ունեցող մարդիկ: Նման կարգի ռազմավարական նշանակության օբյեկտ, որում պետք է պարբերաբար քաղաքական որոշումների վրա ներազդելու հնարավորություն ունենալ, առանց այդպիսի անձանց հովանավորության չի կարող լինել:

Տնտեսագետը համոզված է՝ նախագահ Սերժ Սարգսյանի եւ կառավարության այլ անդամների այցերը ՌԴ կապ ունեին այս հարցի հետ. «Ով էլ լինի պոտենցիալ ներդրողը, Ռուսաստանի համար ձեռնտու տարբերակ է»:

Այս գործարքով,  ըստ տնտեսագետի, հնարավոր է, որ մարի հանրության բողոքի ալիքը:

«Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը, սակայն, մեզ հետ զրույցում պնդում է՝ իրենք շարունակելու են իրենց պայքարը. «Պայքարը կշարունակվի քանի դեռ մեր երեք պահանջները չեն կատարվել, մասնավորապես՝ սակագնի բարձրացման որոշմումը չեղարկելու պահանջը»:

Ակտիվիստը նշում է, որ ՀԷՑ-ի վաճառքը սպասելի էր, ինչպես նաեւ սպասելի է, որ վաճառվեց օֆշորային գոտում՝ Կիպրոսում գրանցված ընկերության. «Դրանից հետո էլ կվերավաճառեն Սամվել Կարապետյանին՝ իրենց ձեռնտու գնով»:

Տեղեկացնենք՝ «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ»-ը օֆշորային գոտում՝ Կիպրոսում, 2010 թվականին գրանցված ընկերություն է: