«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Նախօրեին Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հերթական անգամ՝ երկու ամսով երկարացրել է «Սասնա ծռեր» խմբի անդամ Արամ Հակոբյանի կալանքի ժամկետը՝ մերժելով նրան գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը:
Դռնփակ դատական նիստի ընթացքում նախաքննական մարմինը, ըստ Հակոբյանի պաշտպան Դավիթ Գյուրջյանի, պնդել էր, որ ազատության մեջ մնալով նա կխոչընդոտի նախաքննության ընթացքին եւ կթաքնվի վարույթն իրականացնող մարմնից:
«Սասնա ծռեր» խմբի անդամը լուրջ առողջական խնդիրներ ունի: Պաշտպանի պնդմամբ՝ Արամ Հակոբյանը ենթարկվում է անմարդկային վերաբերմունքի:
«Հիմնադիր խորհրդարանի» Շիրակի մարզի մասնաճյուղի ղեկավար Արամ Հակոբյանի առողջական վիճակը սույն թվականի փետրվարին կտրուկ վատացել է, եւ նա ուղեղի կաթվածի (ինսուլտ) նախանշաններով (աջ վերջույթների անկառավարելիություն եւ խոսակցական ֆունկցիայի խանգարում) տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ ախտորոշվել է ուղեղի արյան շրջանառության խանգարում:
Ըստ պաշտպանի՝ մեկ օր ներերակային ներարկումներ ստանալով՝ Արամ Հակոբյանը տեղափոխվել էր «Դատապարտյալների հիվանդանոց», որտեղ չի ստացել ոչ մի բուժում, այնուհետեւ, մոտ 6 օր անց տեղափոխվել էր «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ, որտեղ վերջինս ստացել է ներերակային ներարկումների 2 շաբաթվա կուրս: Ներարկումների կուրսից հետո վիճակը որոշակիորեն լավացել է, սակայն Արամ Հակոբյանի ոչ շարժողական, ոչ խոսակցական ֆունկցիաները լիովին այդպես էլ չեն վերականգնվել:
«Ցանկացած պահի Արամ Հակոբյանի կյանքին վտանգ է սպառնում: Այս վերջին մեկ ամսվա մեջ հետազոտություն չի իրականացվել: Համապատասխան հետազոտությունների անցկացման կապակցությամբ էլ խորհրդակցում ենք համապատասխան բժիշկների հետ, որ հասկանանք, թե կոնկրետ ինչ հետազոտություններ են անհրաժեշտ: Քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու վերաբերյալ այս պահի դրությամբ չեմ կարող որեւէ բան ասել, պետք է խորհրդակցենք: Քրեակատարողական հիմնարկի պայմաններն անհամատեղելի են նրա առողջական վիճակի հետ»,- ասաց նա:
Այսօր արդեն Արամ Հակոբյանի հարցի հրատապությամբ եւ լրջությամբ պայմանավորված պաշտպանական կողմը կդիմի Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Դավիթ Գյուրջյանը, որը պաշտպանել է նաեւ Հաց Բերող Արթուր Սարգսյանի շահերը, կարծում է, որ Արամ Հակոբյանի դեպքը նման է Հաց Բերողի դեպքին:
Արամ Հակոբյանը երկու վիրահատություն է տարել, որից մեկը գլխուղեղում ուռուցքի հեռացումն է եղել դեռեւս 2014-ին:
Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության բաժնի պետ Գոռ Ղլեչյանը մեզ փոխանցեց, որ Արամ Հակոբյանի մոտ, ըստ հետազոտությունների, սուր օջախային փոփոխություններ չեն արձանագրվել: Նա ստացել է սիմպտոմատիկ եւ թերապեւտիկ բուժումներ, խորհուրդ է տրվել ամբուլատոր հսկողություն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում