Հանրապետության հրապարակի վերակառուցման հիմնական խնդիրը մինչև 1000 ավտոմեքենայի տեղով ստորգետնյա ավտոկայանատեղի կառուցելն է, որը շատ լուրջ խնդիր կլուծի քաղաքի համար:
Այս մասին այսօր լրագրողների հետ տարեվերջյան ասուլիսին ասաց ՀՀ Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը:
«Երեք հարկով ավտոկայանատեղի կլինի, անցումները կլինեն ստորգետնյա: Հիմա մշակվում է դրա առաջադրանը: Երբ որ պատրաստ լինի, անպայման կհրապարակենք»,-ասաց Սարգսյանը:
Նախարարը անդրադարձավ նաև Հյուսիսային պողոտայի շենքերին և պաշտոնապես հայտարարեց, որ վերը նշված պողոտայի սեյսմակայունության հետ կապված բոլոր խոսակցությունները բացարձակապես անհիմն են:
«Շինարարական լուծումներով՝ դրանք Երևանի ամենահուսալի կառույցներն են, բոլոր կառույցներից ամենահուսալին: Դրանք կառուցված են միաձույլ երկաթբետոնե կոնստրուկցիաներով: Շատ հուսալի շենքեր են»,-ասաց Սարգսյանը:
Խոսելով նաև Աֆրիկյանների շենքի մասին, նախարարն ընդգծեց, որ այն Հին Երևանի նախագծում ներառված է:
«Այն լինելու է 60 մետր հեռավորության վրա այսօրվա իր տեղից: Հին Երևանի մասում այն կլինի, մենք պաշտոնապես ասել ենք և դրա համար պատասխանատվություն ենք կրում»,-հավելեց Սարգսյանը: