Հյուսիս-հարավ էլեկտրահաղորդման գծի կառուցմամբ Հայաստանի Հանրապետությունը կարող է դառնալ տարածաշրջանում էլեկտրաէներգետիկ հաբ: Այս մասին էներգետիկ համակարգի թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության էներգետիկայի վարչության պետ Հայկ Բադալյանը:
«Հիմա իրականացման փուլում է գտնվում հյուսիս-հարավ ծրագրի կենտրոն-հարավ մասը: Ներկա պահին ընթանում է Իրանի Իսլամական Հանրապետության հետ 400 կիլովոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցումը: Քննարկվում է նաև կենտրոն-հյուսիսի կառուցումը, որը կապվելու է կենտրոն-հարավի հետ. դա Հայաստան-Վրաստան 400 կիլովոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցման ծրագիրն է: Միայն հարավային ուղղությամբ մենք կունենանք փոխհոսքերի իրականացման եռապատիկ հզորության ավելացում, և հյուսիսն էլ միացնելով այդ ուղղությանը, հույս ունեմ, որ կդառնանք տարածաշրջանային էլեկտրաէներգետիկ հաբ»,- ասաց Բադալյանը: