տուն Լուրեր ՀՅԴ-ն թաղային հեղինակությունների վրա ստավկա չի դնում. Ռուստամյան

ՀՅԴ-ն թաղային հեղինակությունների վրա ստավկա չի դնում. Ռուստամյան

97
0

armen

ՀՅԴ-ն դեռեւս չի շտապում հրապարակել կուսակցության համամասնական ցուցակը: Հայտնի չէ, թե ո՛վ է գլխավորելու այն: Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Նա նշեց, որ դեռ ունեն ժամանակ:

Մեր հարցին, թե ի՞նչ դեմքերով է ՀՅԴ-ն գնում ընտրությունների, նկատի ունենալով, որ իշխանությունը՝ ՀՀԿ-ն, ռեյտինգային ընտրակարգով առաջադրում է այն թեկնածուներին, ովքեր տվյալ տարածքում «հեղինակություն» են համարվում. «Ցուցակներն արդեն կազմված են, ամբողջացնելու ժամանակ ունենք, մենք հայտարարել ենք, որ առանձին ցուցակով ենք մասնակցում եւ որեւէ դաշինքի մեջ չենք  մտնելու, ռեյտինգային ցուցակները նույնպես կամբողջացնենք, մենք  մեր ներկայացուցիչներն  ենք ունենալու բոլոր ընտրատարածքներում:  Թաղային հեղինակությունների մեջ չէ խնդիրը, մենք մեր թիմում գիտենք, թե ովքե՛ր են այս կամ այն տարածքում կարողանում խնդիրներ լուծել, եւ դա ծանր հարց չէ. բավական է աչք գցել նախորդ ընտրությունների վրա եւ եզրահանգումներ անել»,- ասաց Արմեն Ռուստամյանը:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե ո՛վ է գլխավորելու ՀՅԴ համամասնական ցուցակը: Ի պատասխան Արմեն Ռուստամյանն ասաց, թե տեղյակ չէ, քանի որ վերջնական որոշում դեռ չկա: ՀՅԴ խմբակցության ղեկավարը տեղեկացրեց, որ ՀՅԴ ցուցակում կլինեն նաև մարդիկ, ովքեր դաշնակցական չեն, այլ կուսակցության համակիր են:

Հարցին` եթե խորհրդարանական ընտրությունները երկու փուլով անցկացվեն, երկրորդ փուլում ՀՅԴ-ն ՀՀԿ-ի հետ դաշինք կկազմի՞, թե ոչ. «Շատ առաջ մի՛ անցեք, որովհետեւ ես այդքան չեմ հավատում, որ երկրորդ փուլ կլինի, ես կարծում եմ, որ որեւէ  մեկն առանձին վերցրած մեծամասնություն չի ունենա: Իսկ եթե հանկարծ նման բան տեղի ունենա, ապա խորհրդարան անցած քաղաքական ուժերը  կարող են ազատորեն ձեւավորել նոր դաշինքներ երկրորդ փուլից հետո: Ես նախապես չեմ կարող ասել, մեզ համար ակնհայտ է, որ մենք ինքնանպատակ մեծամասնություն կազմելու խնդիր չենք դրել, ունենք հստակ ծրագիր, որով արմատական փոփոխությունների սկիզբ ենք դրել երկրում»,- ասաց ի պատասխան Արմեն Ռուստամյանը: