«Հայաստանը այնքան է զրկված ինքնիշխանությունից, որ չի կարող իր պետության շահերին անհրաժեշտ օրենքներ, Սահմանադրություն ունենալ, մենք ինքնուրույն որեւէ բան չենք կարող անել: Արտաքին ազդեցությունները չափազանց մեծ են»: Այս մասին այսօր հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ նշեց ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանը՝ հույս հայտնելով, որ այս մարտահրավերներն ընթացիկ տարում լուծում կստանան:
Նրա խոսքով՝ քաղական դաշտում փոփոխությունները նկատելի են: Անդրադառնալով կոալիցիաների ձեւավորմանը՝ Ազատ Արշակյանն ասաց, թե ներկայիս կուսակցությունների մեծ մասն առաջնորդվում են հետեւյալ սկզբունքով՝ անել ամեն ինչ, որպեսզի լավ բան չանեն. «Եկել է կարկանդակները բաժանելու ժամանակը: Այն ինչ տեղի է ունենում քաղաքական դաշտում, քաղաքական չէ, ՀՅԴ-ի, ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի համագործակցությունը քաղաքական չէ, քաղաքականը դեռ առջեւում է»,- ասաց նա:
Նա բնական է համարում, որ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ձեւավորվում են կոալիցիաներ: Արշակյանը կարծում է, որ իշխանության հետը համագործակցության կգնան ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը, ՀՅԴ-ն եւ նաեւ Ժառանգություն կուսակցությունը: «ՕԵԿ-ը ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն ընտրություներից առաջ կհամագործակցեն իշխանություների հետ, նախընտրական շրջանում նրանց կմիանա նաեւ «Ժառանգություն»-ը: Նրանք միասին պետք է լինեն, որովհետեւ Բրյուսելը եւս նրանց հրահանգ է տալիս, միայն Մոսկվան չէ, որ նրանց հրահանգներ է տալիս»,- ասաց Ազատ Արշակյանը: Վերջինս կարծում է, որ ՀՅԴ-ն ճարահատյալ է գնում կոալիցիայի, քանի որ, եթե չմիանա իշխանությանը, ապա դուրս կմնա ԱԺ-ից, եւ ընդհանրապես քաղաքական դաշտից: «Նա ստիպված զիջումների է գնում՝ իշխանության մեջ լինելու համար, որպեսզի կարողանա մասնակիորեն իր ծրագրային դրույթներն իրականացնել: Նա չի կարող ընդդիմություն լինել, որովհետեւ ընդդիմությունը եւս նշանակովի է, իսկ դա նշանակում է, որ ՀՅԴ-ն այդտեղ տեղ չունի: ՀՅԴ-ն դիմում է սցենարիստին, թե ուզում է ընդդիմություն լինել, բայց մերժում է ստանում, հետեւաբար նա պետք է նախընտրի մնալ իշխանության մեջ»:
Հիշեցնենք, որ ՀՅԴ ԳՄ անդամ Հրանտ Մարգարյանը հայտարարել էր, որ ՀՅԴ-ն սկզբունքորեն դեմ չէ ՀՀԿ-ի հետ կոալիցիա ձեւավորել, իսկ ԲՀԿ-ից հայտնում են, թե նրանք նման առաջարկ չեն ստացել: