ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ երկու օր առաջ դեպի Արցախ Հիմնադիր Խորհրդարանի ավտոերթի ժամանակ Բերձորում ԼՂՀ ոստիկանության հետ տեղի ունեցած միջադեպին` ներկայացնելով ՀՅԴ պաշտոնական տեսակետը.
«Կուզեի ավելի ամբողջական գնահատական տալ: Առաջինը, բնականաբար, մեզ համար Հիմնադիր խորհրդարանի աշխատանքի մեթոդները, գործելաոճը և հռչակած նպատակները անընդունելի են, հատկապես կարգախոսը` Ցեղասպանության 100-ամյակը` առանց ռեժիմի, վերածել մեր ներքին խնդիրների, որովհետև Ցեղասպանության 100-ամյակը բոլորովին այլ բան է, որտեղ պետք է համազագային համախմբվածություն: Երկրորդ` մեզ համար անհասկանալի է` ինչ համառությամբ այդ կազմակերպությունը արցախցիների և տարբեր ներկայացուցիչների բազմաթիվ հորդորները անտեսեցին և Արցախի սահմանների ներկայիս իրավիճակում որոշեցին այդ երթն իրականացնել: Ես օրինակ, կուզեի, որ երկու կողմերն էլ հրապարակեին, թե ովքեր են դիմել, քանի անգամ են դիմել խնդրանքով, հորդորով, որ մի արեք այդ երթը: Անկախ այդ ամեն ինչից, այն ինչ կատարվեց Բերձորում, դատապարտելի, անընդունելի է: Անհամաչափ ուժի կիրառումը, կարծում եմ, որևէ լավ բանի չհանգեցրեց: Սա մեզ համար անընդունելի է. այս անընդունելի միջադեպը կփորձեն օգտագործել մեր ներքին պառակտման, կամ Ղարաբաղի ու Հայաստանի միջև սեպ խրելու նպատակով: Այս առումով մենք, բնականաբար, շատ վատ ենք ընդունում այդ միջադեպը»,- ասաց Աղվան Վարդանյանը: