Նախօրեին տեղի է ունեցել «Հայկական վերածնունդ» կուսակցության վարչության նիստը, որի ընթացքում քննարկվել են ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին առնչվող մի շարք խնդիրներ. տեղեկացնում է ՀՎԿ մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ օրակարգի հիմնական հարցը վերաբերել է Երևան քաղաքի ավագանու առաջիկա ընտրություններին կուսակցության մասնակցությանը:
«Հաշվի առնելով վարչական ռեսուրսի, օլիգարխիկ և թաղային խմբավորումների, համատարած ընտրակաշառքի զանգվածային ազդեցությունը ընտրական գործընթացի վրա` ՀՎԿ վարչությունը որոշում է կայացրել չմասնակցել սույն թվականի մայիսի 14-ին տեղի ունենալիք Երևան քաղաքի ավագանու ընտրություններին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Կուսակցության վարչության մեկ այլ որոշմամբ՝ սահմանվել է կուսակցականների վերահաստատման և անդամագրման նոր կարգ:
Միևնույն ժամանակ, ՀՎԿ վարչությունը հայտարարել է, որ կուսակցությունը ակտիվորեն մասնակցելու է երկրում տեղի ունեցող բոլոր հասարակական-քաղաքական գործընթացներին և արտահայտելու է իր հրապարակային դիրքորոշումը ծավալվող առանցքային զարգացումների վերաբերյալ: