Araratnews.am-ը պարբերաբար անդրադառնում է զբոսաշրջիկների խնդիրներին: Մեր նախորդ հրապարակումներում արդեն ներկայացրել ենք զբոսաշրջիկներին հուզող հարցերը, ինչպես նաև ներկայացրել ենք պարզաբանում Տրանսպորտի և կապի, ինչպես նաև Մշակույթի նախարարությունից: Այս անգամ Araratnews.am-ը զրուցել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանի հետ:
-Պարոն Ապրեսյան, այս տարի «Զբոսաշրջության աջակցության ծառայությունների» ծրագրի համար բյուջեն տրամադրել է ՀՀ 188.4 մլն դրամˋ 2014 թվականի 75.0 մլնի դիմաց: Ի՞նչ բարեփոխումների համար են օգտագործվել այս գումարները: Կներկայացնե՞ք ծրագրային մի քանի փոփոխություն:
-2015 թվականի ծրագիրը մի քանի հիմնական բլոկից է բաղկացած: Առաջինը գովազդատեղեկատվական համակարգն է, որի նպատակն է ընդլայնել Հայաստանը ներկայացնող բրոշուրները և քարտեզները: Դրանք այժմ հասանելի են առնվազն 6 լեզուներով և օգտագործվում են բազմաթիվ հարթակներում: Էլեկտրոնային մարքեթինգի ուղղությամբ ևս աշխատանքներ են տարվում Հայաստանի զբոսաշրջությունը ներկայացնող պաշտոնական պորտալն ավարտին հասցնելու համար:
Ունենք նորույթներ: Օրինակ, շուտով կլինի Հայաստանի մասին պատմող կարճատև ֆիլմ, ինչպես նաև այս տարի Հայաստանի 5 մարզերում բացվել են տեղեկատվական կենտրոններ, որտեղից զբսաշրջիկները կարող են իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները ստանալ: Մենք ևս, ստանալով արձագանքներ այստեղից, կհասկանանք, թե ինչ խնդիրներ ունեն զբոսաշրջիկները: Այս տարի նորություն էր նաև Համահայկական աշխարհագրական ասոցիացիայի հետ համատեղ աշխատանքի արդյունքում նկարահանված «Բացահայտիր Հայաստանը» ծրագիրը, որը կօգնի Սփյուռքին Հայաստանի մասին ավելի լավ պատկերացում ստեղծել: Սա նաև ներսի լսարանի համար է: Մինչև հիմա այս շարքից վեց ֆիլմ է նկարահանվել:
-Իսկ դրսի համար նախատեսված ի՞նչ ծրագրեր կան:
-Նախատեսված է Հայաստանը ներկայացնել միջազգային այնպիսի հեղինակավոր ուղեցույցներում, ինչպես, օրինակ, Lonely Planet-ը կամ Le Petit Futé-ն: Նման ուղեցույցներում Հայաստանի մասին նորությունների տպագրումը շատ կարևոր է: Այս միջոցառումներն իրականացվում են Հայաստանի զարգացման հիմնադրամի միջոցով: Արդյունավետ մարքեթինգային գործիք է նաև դեպի Հայաստան օտարերկրյա լրագրողների, տուր օպերատորների, ինչպես նաև ոլորտի մասնակիցների այցելությունը կազմակերպելը: Այս տարի ծրագրի շրանակներում տարբեր երկրներից Հայաստան է ժամանել մոտ 36 լրագրող: Ճանաչողական այցերում մենք ընդգրկում ենք նաև Լեռնային Ղարաբաղը:
-Կպատմե՞ք մի քիչ այն ծրագրերի մասին, որոնք զբոսաշրջիկների համար են նախատեսված:
— Դրանց շարքին են դասվում ավանդական տոնակատարությունների և փառատոնների կազմակերպումը, որոնք իրականացվում են պետության աջակցությամբ: Զբոսաշրջիկների համար այս համայնքներում մի շարք հարմարություններ են ստեղծված: Նման փառատոններ անցկացվում են, օրինակ, Վայոց Ձորի մարզի Արենի համայնքում կամ Սյունիքի մարզի Արենի և շրջակա համայնքերում, որոնք ոչ միայն նպաստում են համայնքներում զբոսաշրջության զարգացմանն, այլ փառատոնն ընդգրկվում է զբոսաշրջային փաթեթներում: Շատ զբոսաշրջիկներ գալիս են հենց փառատոնին մասնակցելու համար: Զբոսաշրջիկների շրջանում լայն տարածում ունի նաև Ախթալայում անցկացվող խորովածի փառատոնը: Նման փառատոնները նպաստում են նաև համայնքներում ոչ գյուղատնտեսական աշխատատեղերի ստեղծմանը:
-Օրինակ ի՞նչ աշխատատեղեր են ստեղծվում:
-Օրինակ զբոսաշրջային տներ են ձևավորվում, զարգանում է հյուրընկալության բիզնեսը: Դրան զուգահեռ նաև գինու տուրիզմն ու արետսագործություն են զարգանում: Արհեստագործական շատ արտադրանքներ և հուշանվերներ գտնում են իրենց սպառողներին: Ամեն դեպքում, որքան էլ համայնքներում զբոսաշրջության զարգացման համար մի շարք խնդիրներ են լուծվել, բայց մենք երբեք չենք կարող ասել, որ լուծել ենք բոլոր խնդիրները և այլևս անելիք չունենք, որովհետև պարբերաբար նորանոր խնդիրներ են ի հայտ գալիս:
-Խոսեցիք Ախթալայում անցկացվող խորովածի փառատոնից, որին շատ են մասնակցում նաև զբոսաշրջիկները, բայց տեղի Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը տարածաշրջանում պահպանված մանրանկարչություն ունեցող միակ եկեղեցին է, ևս վատ վիճակում է գտնվում: Այն չունի գմբեթ և խաչ: Վարչությունն այս մասով ինչ-որ քայլեր ձեռնարկո՞ւմ է:
— Գիտեք կարող եմ ասել, որ փառատոնը նպաստել է այս խնդրի մասնակի լուծմանը: Եղել են մարդիկ, ովքեր եկել են փառատոնին, տեսել են եկեղեցու վիճակը, ցանկություն են հայտնել ֆինանսական աջակցություն ցույց տալու: Ընդ որում, միայն զբոսաշրջիկները չէ, որ հետաքրքրություն են ցուցաբերում, կան շատ մարդիկ , ովքեր միջոցներ ունեն և պատրաստ են աջակցելու նման վայրերի բարեկարգմանը:
-Զբոսաշրջիկները հաճախ այցելում են պատմամշակութային վայրեր, որոնք անխնամ են: Թեև հուշարձանների խնամքը չի մտնում վարչության իրավասությունների մեջ, բայց արդյոք վարչության կողմից որոշակի քայլեր ձեռնարկվո՞ւմ են զբսաշրջիկներին ներկայացվող տարածքները վերահսելու և դրանց հարակից տարածքների խնամք ապահովելու համար:
-Աղբահանության համար պատասխանատու են տեղական ինքնակառավարման մարմինները, բայց սա չի նշանակում, որ եթե միայն այս մարմինն է պատասխանատու, ուրեմն մենք պետք է լվանանք մեր ձեռքերը և մի կողմ քաշվենք այս հարցից: Եթե անգամ տեղական ինքնակառավարման մարմինների ողջ բյուջեն ուղղենք աղբահանությանը և շարունակենք աղբ թափել յուրաքանչյուր քայլափոխին, մեր երկրի բյուջեն էլ չի հերիքի այդ աղբը հավաքելուն: Հիմա երիտասարդական մի շարք շարժումներ կան, որոնք ժամանակ առ ժամանակ տարածքի մաքրությունն են ապահովում, մենք էլ ուսանողների հետ միասին բազմաթիվ տեղերում մաքրություն ենք իրականացնում:
-Կարծո՞ւմ եք, որ սա խնդրի լուծում է:
-Եթե ամեն ինչ դիտենք ժամանակի և համեմատության մեջ, ապա կարող ենք տեսնել, որ անցյալ տարի այս տարվա համեմատ նույնը չէր: Ես դրական տեղաշարժ եմ նկատում և հույս ունեմ, որ մոտ ապագայում մենք այլևս այս խնդրին չենք անդադառնա:
—Զբսաշրջիկների համար հետաքրքրություն վայելող շատ վայրերում չկան բիո զուգարաններ: Առաջիկայում նախատեսվո՞ւմ է արդյոք տեղադրել հավելյալ բիո զուգարաններ զբոսաշրջային մեծ հետաքրքրություն ունեցող վայրերում:
-«Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի համաձայնˋ հանրապետությունում գործող բոլոր բենզալցակայաններում պետք է պարտադիր սահմանված նորմերին համապատասխանող հասարակական զուգարաններ դրվեն: Պարտադիր չէ, որ դրանք շքեղ լինեն, կարևորը լինեն մաքուր և համապատասխանեն սահմանված նորմերին:
-Այնուամենայնիվ, շատ զբոսաշրջիկների համար դրանք հարմար չեն, հատկապես տարեց զբոսաշրջիկների համար: Ավելի նպատակահարմար չէ՞ որոշ վայրերում բիո զուգարանների տեղադրումը:
-Բիո զուգարանները հիմնականում հասարակական մեծ մասշտաբ ունեցող միջոցառումների համար են լինում: Դրանք ստացիոնար զուգարաններ չեն և նախատեսված չեն անընդհատ օգտագործման համար, ուստի ավելի նախընտրելի է օրենքով նախատեսված զուգարանների տեղադրումը: Իհարկե, կան զուգարններ, որոնք կարող են լինեն անհարմար, բայց, ընդհանուր առմամբ, դրանք համապատասխանում են նորմերին: Առհասարակ այսօր զուգարանների հարցը մեր ամենացցուն խնդիրը չէի համարի. սա արդեն լուծվող խնդիր է:
-Իսկ որո՞նք են ամենացցուն խնդիրները:
-Օրինակ ճանապարհների կահավորման, այդ թվումˋ տեղեկատվական վահանակների տեղադրման և երկրորդային ճանապարհների խնդիրները: Գլխավոր մայրուղիները վերանորոգված են, բայց երկրորդային նշանակության ճանապարհներըˋ մայրուղիներից դեպի զբոսաշրջային գրավչություն ունեցող վայրեր տանող ճաապարհները վերանորոգման կարիք ունեն: Այս ուղղությամբ հիմա աշխատանքներ են տարվում:
-Կնշե՞ք մի քանի ճանապարհ, որոնք առաջնահերթ պետք է վերանորոգվեն:
-Օրինակ պետք է վերանորգվի Շիրակի մարզում Ջավախքի Գուգարաց լեռների միջև գտնվող Քարախաչ լեռնանցքի ճանապարհը, Արագածոտնի մարզում նախկին Թալին գյուղից դեպի Քարակերտ տանող ճանապարհը, Կոտայքի մարզում Գառնիից դեպի քաղաք Արտաշատ տանող ճանապարհը, ինչպես նաև Շիրակի Մարզում Մարալիկից Արթիկ տանող որոշակի հատվածը, Արագածոտնի մարզում Ապարան քաղաքից դեպի Ամբերդ բերդաքաղաք և ամրոց տանող ճանապարհը և այլն:
-Վերջին տարիներին հանրապետությունում նկատվե՞լ է զբոսաշրջիկների հոսքի աճ:
-Այս տարվա երկրորդ եռամսյակում նկատվել է 1,8 % աճˋ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, իսկ 2014 թվականին Հայաստան է այցելել ավելի քան 1 մլն 203 հազար զբոսաշրջիկ: Այս ցուցանիշը գերազանցել է 2013 թվականին գրանցված ցուցանիշըˋ 11,3 %-ով:
Վարդուհի Ստեփանյան