տուն Լուրեր Հուսով ենք` միջազգային հանրությունը կսթափվի` Բաքվում միջազգային կոմիտեի աշխատանքը խոչընդոտելուց հետո. Լարիսա...

Հուսով ենք` միջազգային հանրությունը կսթափվի` Բաքվում միջազգային կոմիտեի աշխատանքը խոչընդոտելուց հետո. Լարիսա Ալավերդյան

180
0

larisa

Ինպես ավելի վաղ հայտնել էինք,  Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի ներկայացուցիչներն օրեր առաջ այցելել են Ադրբեջան, սակայն իշխանությունների առաջացրած խոչընդոտների պատճառով` ստիպված են եղել դադարեցնել առաքելությունը և լքել Ադրբեջանի տարածքը` առանց առաքելությունն իրականացնելու:

«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը կարծում է, որ այն, ինչ տեղի ունեցավ Կարեն Պետրոսյանի հետ Ադրբեջանում, վայրենություն է: Իսկ կոմիտեի` Ադրբեջանում խոշտանգումների հանդիպելուց հետո նախկին ՄԻՊ-ը Araratnews.am-ի հետ զրույցում հույս ունի, որ միջազգային հանրությունը կսթափվի:

«Սա, փաստորեն, գագաթնակետն է այն դրսևորումների, որը Ադրբեջանը, և, մասնավորապես, իր նախագահի հովանավորությամբ, դրսևորում է վերջին՝ առնվազն երեք տարվա ընթացքում: Մենք ունեցել ենք Սարիբեկյանի, Բադալյանի դեպքերը, որոնք հակասում են միջազգային իրավունքին»,- նշում է Լարիսա Ալավերդյանը:

Լարիսա Ալավերդյանի խոսքով` մենք տարիներ առաջ այդ իմաստով նորմալ ու քաղաքակիրթ հարաբերություններ ենք ունեցել, երբ Սերժ Սարգսյանը եղել է ՀՀ պաշտպանության նախարար, Ալիևը` Ադրբեջանի: Նրանք ունեցել են բավական դրական և քաղաքակիրթ պայմանավորվածություն: Անգամ այդ պայմանավորվածությունը գործել է մի քանի տարի: Հայտնի է, որ հայ-ադրբեջանական սահմանը այդքան հստակ նշված չէ: Երբ մարդն անցնում է այն, ապա 2-3 օրվա ընթացքում պարզվում էր՝ եթե դիվերսանտ չէր՝ վերադարձվում էր:

«Ու այդպիսի դրական փորձից հետո գալիս է այն պահը, երբ մարդ կամ հիվանդ է վերադարձվում, կամ նրա մարմինն է վերադարձվում: Եվ այն, ինչ մենք տեսանք՝ Ռամիլ Սաֆարովի դեպքը և այս տարվա դեպքերը, անշուշտ մերժելի է ոչ միայն միջազգային իրավունքի տեսանկյունից, այլ դեմ է տարածաշրջանի բոլոր ազգերի հոգեկերտվածքին: Ես դա ընդգծում եմ, որովհետև կա այդպիսի բան, մենք այդ ընդհանրություններն ունենք որպես ազգեր, որոնք ապրում են միևնույն տարածաշրջանում: Նրանք դրժել են բոլոր այդ նորմերը մարդկային իրավունքի: Այն, ինչ տեղի է ունեցել երկու օր առաջ, պետք է գոնե միջազգային հանրությանը սթափեցնի: Որովհետև երբ ասում է հայկական կողմը, իրենց թվում է, թե դա քաղաքականեցված է ու կապված է Արցախի հարցի հետ: Իրականում մենք խոսում ենք քաղաքակրթական այնպիսի մակարդակի մասին, որի մի քայլ ներքև անցնելը վայրենություն է»,- ասում է նա:

«Վկայակոչելով Իրաքում ամերիկացի լրագրողի հրապարակային գլխատման փաստը, մենք պետք է հասկանանք, որ սա ոչ այլ ինչ է, քան վայրենություն: Եվ մենք տեսնում ենք, որ նույն բանը տեղի է ունեցել Կարեն Պետորսյանի հետ՝ մի տարբերությամբ, որ մենք չենք տեսել, թե ինչպես է նա մահացել: Մինչ այսօր մենք չգիտենք, թե ինչ է տեղի ունեցել: Արդյոք այն պատկերն է, որ տեղի է ունենում այդ հրապարակումներում: Ի՞նչն է խնդիրը, որ մեզ չեն տալիս մարմինը: Նշանակում է` այնպիսի մի վնաս է հասցվել, որ անգամ էնտեղ խելացի մարդիկ համարում են անընդունելի»,- նշում է Ալավերդյանը:

«Պահանջը, որ մենք՝ երեք կազմակերպությունով հղել ենք Եվրոպական դատարան, իր մեջ պարունակում է այդ գործընթացի երրորդ կետը. ասում ենք վերադարձրեք մարմինը, որովհետև որևէ հիմք չունեք չվերադարձնելու: Մինչև անգամ Եվրոպական դատարանի համապատասխան մարմինը դիմել է՝ ասելով՝ տվեք բացատրություն: Եվ այն, ինչ տեղի է ունեցել այդ կոմիտեի հետ, վերջապես կարող է սթափեցնել միջազգային հանրությանը»,- եզրափակեց իր խոսքը իրավապաշտպանը: