Լոռու մարզից մոտ 80 հուշարձաններ տեղափոխվել էին Երևան՝ բաց երկնքի տակ ցուցահանդես կազմակերպելու համար: Հուշարձանները դեռ Երևանում են և չեն տեղափոխվել հետ: Այս մասին այսօր Ազգային Ժողովի արտահերթ նիստին ասաց պատագամավոր Էդմոն Մարուքյանը:
«Օրինակ Դսեղ գյուղի մեր բնակիչները հարցնում ենˋ ինչ եղան մեր հուշարձանները, երբ են հետ բերելու: Այս առումով կարևոր է, որ հուշարձանների տեղափոխումը խստացվի: Եթե պետք է հուշարձանները տեղափոխվեն, և եթե տուրիստները պետք է գան Երևանում նայեն, էլ ո՞նց ենք զարգացնելու տուրիզմը մարզերում, էլ ո՞նց պետք է գնան տուրիստները Դսեղում տեսնելու: 2012-ին հուշարձանները իրենց պատմական վայրերից տեղափոխել են և մինչև 2016-ը պետք է մնան Երևանում ցուցադրության: Ու բավականին մեծ գումարներ են ծախսել տեղափոխման համար, բայց այդ գումարը կարելի էր ծախսել հուշարձանները տեղում բարեկարգելու, նրանց մոտ ցուցանակներ դնելու վրա»,-ասաց Մարուքյանը: