Մեր նախորդ հրապարակումներից մեկում ներկայացրել էինք Հայաստան ժամանող զբոսաշրջիկների համար առաջնային մի քանի խնդիրներ, որոնց շարքում էր նաև մշակութային հուշարձանների ոչ բարվոք վիճակում գտնվելը:
Այս մասով մենք փորձեցինք պարզաբանում ստանալ ՀՀ մշակույթի նախարարությունից: Նշենք, որ «2015 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի համաձայնˋ այս տարի մշակույթի ոլորտին հատկացվել էˋ «Մշակութային ծառայություններ»` 15 միլիարդ 539 միլիոն 777 հազար դրամ, որից «Հուշարձանների ամրակայում, նորոգում և վերականգնում» ծրագրով նախատեսված է` 300 միլիոն դրամ (21 հուշարձանի համար). այն կազմում է մշակույթի ոլորտի ընդհանուր բյուջեի 1.9 %-ը:
Պարզելու համար, թե ինչ աշխատանքներ է տանում նախարարությունն այս ուղղությամբˋ Araratnews.am-ը փորձեց պարզաբանում ստանալ Մշակույթի նախարարությունից: Հուշարձանների վերականգնման բաժնի պետ Գայանե Նազլուխանյանից տեղեկացանք, որ հանրապետության հուշարձանները վերականգնման փուլում են:
Խոսելով մասնավորապես Հաղպատի և Սանահինի բարեկարգման վիճակի մասին` Նազլուխանյանը նշեց, որ Սանահինի մեծ եկեղեցին վերականգվում է, իսկ դրան կից կառույցները վերականգնված են: Ինչպես տեղեկացանք մեր զրուցակցից, այս պահին միայն եկեղեցու տանիքն է վատ վիճակում: Վեղարն արդեն նորոգվել ու մաքրվել է: Հաջորդ փուլը լինելու է լանջերի և ամրակայունների վերականգնումը:
Հաղպատի մասով Նազլուխանյանը նկատում է. «Թեև կոպիտ է հնչում, բայց ձեռքներս պիտի հասնի: Գիտեք, թե այսօր ինչ վիճակում է գտնվում պետությունը: Այս տարի տրամադրվել է 300 մլն դրամ, նախորդ տարի կրկին 300 մլն էր տրամադրվել հուշարձանների վերականգնման համար: Այս պահին 3000-ից ավելի հուշարձան վերանորոգման կարիք ունի, բայց մենք ընդամենը 300 մլն դրամ ունենք և մի քանի տարում բոլոր հուշարձանները վերանորոգել չի ստացվի: Ամեն դեպքում, ես կարող եմ վստահեցնել, որ այդ 300 մլն դրամի յուրաքանչյուր կոպեկը ներդրվում է եկեղեցիների վերանորոգման համար»:
Հուշարձանների մասով մտավախությունը միայն դրանց վերականգնման մասով չի սահմանափակվում: Հուշարձանների հարակից տարածքը, մեղմ ասած, աչքի չի ընկնում մաքրությամբ: Շատ հուշարձանների տարածքներ աղտոտ են: Մենք հետաքրքրվեցինք Մշակույթի նախարարությունից, թե ինչ միջոցներ է վերջինս ձեռնարկում այս վայրերի մաքրությունը կազմակերպելու համար: Ինչպես պարզվեց, այս տարածքների մաքրության պատասխանտուն ժողովրդի խիղճն է:
«Խոհրդային տարիներին կար պահակի հաստիք: Նրանք հետևում էին մաքրությանը և տարածքը բարվոք վիճակում պահում, բայց հետո, ելնելով երկրի վատ վիճակից, այս մարդիկ ազատվեցին աշխատանքից: Հիմա, քանի որ նման հաստիք չկա, մաքրությունը ժողովրդի խղճի վրա է մնացել»,-ասում է Նազլուխանյանը:
Մեր այն հարցին, թե արդյոք աղբահանությունը մեծ գումարների հետ է կապված, մեր զրուցակիցը նշում է. «Ժամանակին տեղական ինքնակառավարման մարմիններ գոյություն ունեին, որոնց բյուջեի մեջ էին մտնում նաև աղբահանության համար նախատեսված գումարները: Բայց հիմա ի՞նչ կարող է անել նախարարությունըˋ ընկնի, օրինակ Դեբեդի ամբողջ հունով մեկ դատարկ շշե՞ր հանի: Գիտեք առաջին հերթին մարդու ինքնագիտակցությունը պետք է բարձրանա, որ նա նման վայրերում շշեր չգցի, այստեղ պակաս կարևոր չէ նաև Չորրորդ իշխանության, ինչպես նաև դպրոցի դերը» :
Համաձայնելով զրուցակցիս հետˋ հարցնում եմˋայնուհանդերձ, ի՞նչ է անում այս մասով նախարարությունը: Պարզվում է վերջինս պայմանավորվածություն է ձեռք բերել ՊՆ-ի հետ, որի շրջանակներում ամեն տարի զինվորները կամավոր գալիս են հուշարձանների տարածքը մաքրելու: Բացի այդ, նաև հաճախ կազմակերպվում են ուսանողական կամավորական հավաքներ, որի ընթացում ուսանողները մաքրում են հուշարձանների տարածքը:
Չեմ կարող վիճելˋ կամավորական սկզբունքով հուշարձանների տարածք մաքրելը վատ գործ չէ, բայց չէ որ այդպիսով չես կարող հուշարձանների մաքրությունն ամբողջ տարի ապահովել: Այստեղից ծնվում է հաջորդ հարցսˋ ինչպե՞ս է բաշխվում այդ 300 մլն դրամը, եթե դրա մեջ ներառված չէ աղբահանությունը:
«Այս գումարը հիմնականում շինարարական աշխատանքների վրա է ծախսվում, մի փոքր մաս ծախսվում է նախագծային մրցույթների համար, որովհետև, եթե պետք է մյուս տարի հուշարձան նորոգենք, ապա պետք է այս տարի արդեն ունենանք դրա նախագիծը: Մի մասն էլ հատկացվում է պեղման աշխատանքներին: Բայց այդ գումարից և ոչ մի կոպեկ չի տրամադրվում աղբի համար. այ այսպիսի երկրում ենք մենք ապրում»,-նշում է զրուցակիցս:
Դե իսկ ինչ վերաբերում է ՅՈՒՆԵՍԿՕ-ից տրամադրվող գումարներին, ապա Նազլուխանյանից տեղեկացանք, որ այս պահին նախարարությունը փորձում է հայտ ներկայացնել Սանահինի բարեկարգման համար:
Ինչպես տեսնում ենք, թեև որոշ փորձեր արվում են հուշարձանների բարեկարգման և պահպանման համար, բայց դրանք բավարար չեն, քանի որ միայն հուշարձանների հարակից տարածքի ոչ պատշաճ մաքրությունը փաստում էˋ դրանք անտեսված են: Թերևս, դժվար է զբսաշրջիկներին բացատրել, որ բյուջեի աղքատության պատճառով մենք ստիպված ենք գումար խնայել այդ տարածքների մաքրությունը մշտապես պահպանելու համար:
Araratnews-ը կշարունակի իր դիտարկումները հուշարձանների պահպանության եւ մաքրության ոլորտում։
Վարդուհի Ստեփանյան