ՀՀ Կառավարության այսօրվա նիստում առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը ներկայացրեց 2017 թվականի պետական բյուջեում վերաբաշխում իրականացնելու և կառավարության որոշման մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ որոշման նախագիծ:
«Նախագծի նպատակն է սրտի վիրահատության ծառայությունների առկա դեֆիցիտի փոխհատուցում՝ ընդհանուր 194 միլիոն 477 հազար դրամի չափով, որի շրջանակներում կիրականացվի սրտի 220 հավելյալ վիրահատություն», — նշեց Ալթունյանը, հավելելով, որ այս փոփոխությունն արդյունք է օպտիմալացման ծրագրերի:
Վարչապետ Կարեն Կարապետյանը հետաքրքրվեց, թե արդյոք վիրահատությունների գների իջեցման խնդիր դրվա՞ծ է, իսկ նախարարն էլ պատասխանեց, որ այդ ուղղությամբ աշխատանքներ են կատարվում. «Դեկտեմբերի սկզբին գնային նոր բանաձև կառաջարկենք և կսկսենք աշխատել հունվարից արդեն նոր բանաձևով»,- ասաց նա: