Ինչպես արդեն նշել էին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Շիրակի մարզում հայտարարեց, որ տարեկան 24 մլն շրջանառություն ունեցող, այդ թվում, մարզերում առևտրով զբաղվող կետերը, հաջորդ տարվա հունվարի 1-ից ազատվում են հարկերից։
«Դրա համար կա մեկ հնարավորություն՝ ՀԴՄ կտրոնների օնլայն շրջանառությունը, որը հիմա կապված է ՊԵԿ հետ: Մարդը պետք է ՀԴՄ թողարկի ամեն գործարքի համար, որպեսզի հանրագումարում մենք իմանանք ինչ է կատարվում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ նախկին արդարացումները, որ՝ տեսեք, հարկային դաշտն այնքան ծանր է, որ մեզ թույլ չի տալիս ամեն անգամ ՀԴՄ խփել, այդ արդարացումներն այլևս որևէ լեգիտիմ ուժ չեն ունենալու:
«Այս հսկիչ դրամարկղային կտրոնի պարագայում նրա համար լրացուցիչ պարտավորություն չի առաջանում, եթե պարզվի, որ նա իրոք միկրոբիզնես է: Իսկ եթե միկրոբիզնես չէ, ապա նա միանշանակ պետք է վճարի սահմանված հարկերը: Եվ ես ուզում եմ ասել նաև, որ այս ուղղությամբ ևս կառավարության քաղաքականությունը քայլ առ քայլ խստացվելու է: Եվ եկեք պայմանավորվենք, որ այս պարագայում նույնպես չեն կարող այլ մեկնաբանություններ լինել, օրենքը պետք է գործի ամենայն խստությամբ»,- ասաց վարչապետը: