Միջազգային լրատվական աղբյուրների ուշադրությունը այս օրերին կրկին կենտրոնացված է և ԱՄՆ-ի Դաշնային պահուստային համակարգի վերջին նիստի և Հունաստան-Բրյուսել բանակցությունների վրա: Թեև միջազգային հանրությունը մեծ ուշադրությամբ է հետևում այս իրադարձություններին, սակայն կարելի է ասել, որ շուկաներն իմունիտետ են ձեռք բերել, և բորսաների վարքագիծը հիմնականում չափավոր է՝ արտարժույթի, ֆոնդային և ապրանքահումքային շուկաներում կտրուկ տատանումներ չեն գրանցվում, սակայն հանգիստ էլ չեն:
Հիշեցնենք, որ Համաշխարհային բանկը մի քանի օր առաջ նվազեցրեց համաշխարհային տնտեսության տնտեսական աճի կանխատեսումը՝ նախկին 3%-ից իջեցնելով 2,8%-ի: ՀԲ-ը տնտեսական աճի նվազեցումը հիմնականում պայմանավորում է ընթացիկ տարում նավթի գների ցածր մակարդակով, որը հարվածում է նավթ արտահանող երկրների արտահանմանը և ԱՄՆ-ի ԴՊՀ-ի կողմից տոկոսադրույքների աճի սպասումներով, որը կբերի դոլարի ուժեղացմանը, զարգացող երկրների համար կբարձրացնի վարկերի արժեքը, ինչպես նաև ազգային արժույթների թուլացման արդյունքում կբերի կապիտալի արտահոսքին զարգացող երկրներից: Կանխատեսվում է, որ կբերի նաև նավթի գների անկմանը և ֆոնդային բորսաների ինդեքսների նվազմանը:
Բարեբախտաբար, ԴՊՀ-ի երեկվա նիստում որոշում ընդունվեց՝ շարունակել մոնետար (դրամավարկային) քաղաքակականությունն առանց փոփոխության: Սակայն, կանխատեսվում է, որ ԴՊՀ-ի կողմից տոկոսադրույքները մինչև տարեվերջ երկու անգամ կբարձրանան: 2014թ.-ի դեկտեմբերին ԴՊՀ-ի ղեկավար Ջանետ Յելենի հայտարարությունից հետո պարզ էր, որ 2015թ.-ին տոկոսադրույքը պետք է բարձրանա: Ենթադրվում էր, որ հենց երեկվա նիստում կբարձրացվեր այդ տոկոսադրույքը: Սակայն, միջազգային մի շարք ֆինանսական կառույցներ, կոչ արեցին հետաձգել տոկոսադրույքի բարձրացումը, քանի որ դա կբերի շուկայական կոնյուկտուրայի էական տատանումների, որի հետևանքները կազդեն համաշխարհային տնտեսության վրա: Նույնիսկ, Ջանետ Յելենը կոչ արեց հանձնաժողովին հետաձգել տոկոսադրույքի բարձրացումը: Բացի այդ, 2015 թ.-ի ԱՄՆ-ի գործարար ակտիվության և մակրոտնտեսական ցուցանիշները առանձնապես լավատեսության հիմք չեն հանդիսանում և բավարար չեն, որ ԴՊՀ-ն բարձրացնի տոկոսադրույքը: Նույնիսկ ինֆլյացիայի տվյալները չեն խոսում տոկոսադրույքի բարձրացման օգտին: Մայիսին ինֆլյացիան ցածր՝ 0.6% է եղել, չնայած նախատեսվել էր 2%: Թեև մոնետար քաղաքականության կոշտացումը սպասվում է սեպտեմբերին, սակայն ԴՊՀ-ի հանձնաժողովի որոշ անդամներ առաջարկում են հետաձգել և այն բարձրացնել հաջորդ տարի՝ 2016 թվականին:
Վիճակը անորոշ է և անկանխատեսի ելքով նաև Հունաստանում: Շարունակվում է Աթենքի և Բրյուսելի «նյարդերի» պատերազմը: Հունական իշխանությունները բարեփոխումների նոր ծրագիր են մշակել, որը սակայն հնի կրկնությունն է և ավելի շատ մշուշոտ ձևակերպումներով է բնորոշվում: Հունաստանը փորձում է հոգեբանական տեռորի ենթարկել իր վարկատուներին և եվրոպական կառույցներին, սպառնալով դուրս գալու հնարավոր հետևանքներով: Հունաստանի ԿԲ-ն թեև դեմ է Եվրագոտուց դուրս գալուն, սակայն երեկ հնարավոր համարեց դուրս գալը և կանխատեսեց դեֆոլտ: Պաշտոնական Աթենքի և վարկատուների միջև բանակցությունների ձախողումը կարող է բերել երկրի սնանկությանը, եվրոյի գոտուց, ինչպես նաև նաև Եվրամիությունից դուրս գալուն: Մի բան հասկանալի է, որ հույները չեն վճարի պարտքերը: Իսկ S&P վարկանիշային գործակալությունը իր հերթին նվազեցրեց Հունաստանի վարկանիշը: Սակայն, ԵՄ-ի ղեկավարները հանգիստ են՝ Հունաստանի դուրս գալը այնքան էլ մեծ աղետ չի լինի Եվրագոտու համար: Իհարկե, պարզ է, որ ամենից շատ կտուժի Հունաստանը: Եվրագոտու ղեկավարները տեսնում են 2 հնարավոր լուծում՝ առաջինը՝ ֆինանսական օգնության փոխարեն «ցավոտ» բարեփոխումներ, որը քիչ հավանական է և 2-րդ՝ դեֆոլտ: Այս ընթացքում հույները բանկային համակարգից հանում են իրենց կանխիկ փողերը. միայն չորեքշաբթի օրը, հունիսի 18-ին հանել են 820 մլն եվրո, իսկ երկուշաբթի և երեքշաբթի օրերը համապատասխանաբար՝ 300 և 400 մլն. եվրո: Սա արդեն ազդանշան է, որը ցույց է տալիս, որ բանակցությունները ձախողվել են վարկատուների հետ:
Մի քանի օր առաջ, Ռուսաստանի Կենտրոնական բանկը նվազեցրեց տոկոսադրույքը 1 %-ով՝ այն հասցնելով 11,5 %-ի: Սա արդեն ԿԲ-ի կողմից 4-րդ նվազեցումն էր ընթացիկ տարում: Սպառողական պահանջարկի անկումը, գների աճի դանդաղումը բերում է տնտեսական ակտիվության նվազմանը: Սա դրական ազդանշան է, քանի որ Կենտրոնական բանկի հերթական նվազեցումը բացատրվում է երկրում ինֆլյացիայի տեմպերի դանդաղեցման իրողությամբ:
Դրական է, որ ԴՊՀ-ը նույնը թողեց տոկոսադրույքը: Սակայն Հունաստանի դուրս գալը Եվրագոտուց, հետևաբար եվրոյի թուլացումը և Եվրամիության թուլացումը բացասական ազդեցություն կունենա համաշխարհային տնտեսության վրա, այդ թվում նաև մեր երկրի վրա: Հուսով ենք, որ Հունաստանի իշխանությունները և ԵՄ-ի պատասխանատու կառույցները փոխհամաձայնության կգան և իրադարձությունները անցանկալի հունով չեն ընթանա: