Հունաստանի կառավարությունը չեղարկել է երկրի գազաբաշխիչ DESFA ընկերության 66 տոկոս մասնաբաժինը Ադրբեջանի պետական նավթային ընկերությանը (SOCAR) վաճառելու վերաբերյալ անցյալ տարվա գարնանը ստորագրած համաձայնագիրը եւ որոշել է ընկերության վերահսկողական փաթեթը պահել իր ձեռքում:
Այս մասին, ինչպես հաղորդում է fins.az լրատվական կայքը, DESFA-ի կոլեկտիվի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հունաստանի շրջակա միջավայրի եւ էներգետիկայի նախարար Պանայոտիս Լա ֆազանիսը:
DESFA-ի մասնավորեցման հետ կապված հայտամրցույթում բաժնետոմսերի 66 տոկոսը 400 մլն եվրոյով գնել էր SOCAR-ը: Սակայն, Եվրահանձնաժողովը կասեցրել է առք ու վաճառքի ավարտը՝ պատճառաբանելով, որ ադրբեջանական ընկերությունը կարող է մենատիրական նկրտումներ ունենալ Հունաստանի գազային շուկայում:
Բացի այդ, DESFA-ի աշխատանքային կոլեկտիվը բազմիցս դեմ է արտահայտվել ընկերության վաճառքին: Աշխատակիցների կարծիքով` եթե DESFA-ն վաճառվի, եւ կրճատումներ իրականացվեն, Հունաստանում կապույտ վառելիքի գինը կարող է բարձրանալ: