Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը քննադատության է ենթարկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին` Սիրիայի հարցով ընդունած բանաձևի կապակցությամբ: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը` հղում կատարելով կազմակերպության ներկայացուցիչ Ֆիլիպ Բոլոպյոնին: Ավելի վաղ Human Rights Watch-ը օգոստոսի 21-ին Դամասկոսի Ղուտա արվարձանում կիրառված քիմիական զենքի պատասխանատվությունը դրել էր Սիրիայի գործող ռեժիմի վրա:
«Այս բանաձևը արդարադատություն չի ապահովում քիմիական զենքի կիրառման հարցում, որի զոհ են դարձել հարյուրավոր երեխաներ, ինչպես նաև երկրում կատարված մյուս հանցագործությունների դեպքում», — ասել է Բոլոպյոնը` կոչ անելով պատասխանատվության ենթարկել արաբական այդ երկրում բոլոր հանցագործությունների հեղինակներին:
Հիշեցնենք, որ այսօր ՄԱԿ-ի ԱԽ-ն միաձայն ընդունել է մի բանաձև, որով պարտադրում է Սիրիային՝ միջազգային վերահսկողությանը հանձնել ռեժիմի ձեռքում գտնվող ողջ քիմիական սպառազինությունը: