Ապրիլի 7-ին Հայաստան ժամանեց ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը: Վերջինս հանդիպում ունեցավ Հայաստանի իր գործընկերոջ հետ: Աբրահամյանի հետ հանդիպման ժամանակ երկու երկրների վարչապետները ստորագրեցին պայմանագիր, համաձայն, որի՝ սահմանին վաճառվող գազի գինը նվազելու էր 10-ը դոլարով: Իր հերթին վարչապետը հայտարարարեց, թե սպառողների համար եւս գազի գինը կնվազի, բայց թե որքան՝ պարզ կդառնա հաշվարկներից հետո:
Արդեն անցել է տեւական ժամանակ, սակայն որեւէ հստակություն այս հարցում չկա: Ո՞ր կառույցներն են իրականացնելու հաշվարկ, կամ ինչ փուլում է այն գտնվում:
ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի մամուլի խոսնակ Վասակ Թարփոշյանը Araratnews.am-ի հետ զրույցում ասաց հետեւյալը. «Սակագների վերանայման հարցերով զբաղվում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը»: Մամուլի խոսնակն ասաց, թե նախարար Յոլյանը ստորագրել է Ռուսաստանից գազի ներմուծման գնի վերաբերյալ պայմանագիրը, իսկ ներքին սպառման գների հարցերով զբաղվում է ՀԾԿՀ-ը:
Կապ հաստատեցինք նաեւ այդ կառույցի մամուլի խոսնակ Մարիամ Ստեփանյանի հետ: Վերջինս ի պատասխան հարցի, թե զբաղվու՞մ է արդյոք ՀԾԿՀ-ը գազի գնի վերանայման հարցով՝ նշեց. «Սակագնի վերանայման ընթացակարգը երկու եղանակով հնարավոր է իրականացնել: Առաջինը, երբ որ մատակարար ընկերությունը սակագնի վերանայման հայտ է ներկայացնում ՀԾԿՀ-ին, ներկայացնելուց առաջ հանրությանը իրազեկում է երեք բազմատիրաժ թերթերի միջոցով: Երկրորդ տարբերակը, որը թույլ է տալիս կիրառել, դա էներգետիկայի մասին ՀՀ օրենքն է ասում, որ հնարավոր է սակագնի բաղադրիչների փոփոխությանն հետեւանքով ՀԾԿՀ-ը ինքը նախաձեռնի սակագնի վերանայման գործընթաց»:
Ըստ Մարիամ Ստեփանյանի՝ առաջին դեպքի համար իրենք կարող են ասել, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից իրենք սակագնի վերանայման որեւէ հայտ չեն ստացել: Ինչ վերաբերում է երկրորդ տարբերակին, ապա ՀԾԿՀ-ը, ըստ Ստեփանյանի, պետք է ունենա վավերացված փաստաթուղթ, համաձայնագիր, թե երկու երկրների միջեւ կնքվել է համաձայնագիր, որ սահմանի վրա գազի սակագինն արժե այսքան գումար: «Այսինքն փոփոխությունը հավաստող որեւէ պաշտոնական փաստաթուղթ դեռեւս մուտք չի եղել հանձնաժողով»,- ասաց նա:
Araratnews.am-ը զրուցեց նաեւ Գազպրոմ Արմենիա ՓԲԸ մամուլի խոսնակ Շուշան Սարդարյանի հետ: Վերջինս ասաց, որ, առհասարակ, ներքին սպառման շուկայի համար սակագինը սահմանվում է ՀԾԿՀ-ի կողմից: «Այս պահի դրությամբ դեռեւս գործողության մեջ է գործող սակագինը»,- ասաց նա:
Araratnews.am-ը ՀՀ Կառավարության լրատվական ծառայությունից փորձեց որոշակի պարզաբանումներ ստանալ: Կառավարության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Սուսանն Տոնոյանը հայտնեց, թե հարցրերին գրավոր կպատասխանեն: Գրավոր հարցերն ուղարկվել է արդեն: Պատասխանը ստանալուն պես այն լրացուցիչ կներկայացնենք: Առայժմ հստակ է հետեւյալը՝ սպառողները ապրիլ ամսվա համար գազի գնի համար կվճարեն նախկին գնով: