Սա հավաքական հասկացություն է, որում ներառվում են վիրուսային վարակները (էնթերովիրուս, ռոտավիրուսային վարակ), բակտերիալ վարակները (սալմոնելոզ, դիզենթերիա, խոլերա, , E.coli վարակ), ինչպես նաև բակտերիաների թույներով հարուցված վարակները (ստաֆիլոկոկային աղիքային տոքսիկավարակը.տվյալ դեպքում փորլուծ են առաջացնում ոչ թե բակտերիաները, այլ դրանց թույները, որոնք ստաֆիլոկոկով վարակված սննդամթերքի հետ են մարսողական տրակտ ընկնում):
Ախտանշանները
Այս խմբի վարակներին բնորոշ են հետևյալ ախտանշանները ( կարող են հանդիպել առանձին-առանձին կամ էլ տարբեր համադրություններով).
-բարձր ջերմություն
-սրտխառնուք ու փսխում
-փորացավ
-փորլուծ
-աղիքներում չափից ավելի գազառաջացում:
Ըստ էության, բոլոր սուր վարակներն էլ վտանգավոր են, քանի որ փսխման ու լուծի հետևանքով օրգանիզմը ջրազրկվում է: Ուստի, բուժումը միտված է նաև օրգանիզմի ջրային հավասարակշռությունը վերականգնելուն: Երբեմն էլ միայն դա էլ բավարար է, որ օրգանիզմն ինքնուրույն սկսի պայքարել հիվանդության դեմ:
Աղիքային տարբեր վարակների դեպքում որոշակի տարբերություններ կան, օրինակ`
— դիզենտերիայի դեպքում, փորլուծությունը հաճախակի բնույթ ունի (օրական 10 ու ավելի անգամ)` առատ լորձի պարունակությամբ ու ցավով ուղեկցվող կծկումներով: Հնարավոր է որ լորձից բացի կղանքի մեջ արյան հետքեր լինեն: Երբեմն էլ հիվանդ կարող է բարձր ջերմություն ունենալ:
— Սալմոնելոզի դեպքում փորլուծին նախորդում է փսխումը, հիվանդը զուգարանի հաճախակի չի պահանջ ունենում, սակայն եղած ժամանակ էլ կղանքն առատ է : Հիվանդության թեթև դեպքերում ջերմությունը կարող է բացակայել:
— Խոլերան շատ վտանգավոր հիվանդություն է: Վտանգավոր է, քանի որ հիվանդը մեծ քանակությամբ հեղուկ է կորցնում, ինչը կարող է մահացու ելքի հասցնել: Այսօր, բարեբախտաբար խոլերայով վարակվելու հավանականությունը նվազ է, այդուհանդերձ, դեպքեր լինում են:
— Էնթերովիրուսի ու ռոտավիրուսի ժամանակ, հիվանդը հաճախակի է զուգարանի կարիք ունենում, ջերմությունը բարձր է, երբեմն էլ մաշկի վրա կարող է ցան առաջանալ: Հաճախ այս վարակներին նախորդում են մրսածության կամ էլ սուր շնչառական վարակների ախտանշանները, ու դրա համար էլ այն երբեմն անվանում են «աղիքների գրիպ», որն իրականում, ոչ մի կապ չունի գրիպի հետ: Բուժման համար հակաբիոտիկներ ընդունելու հարկ չկա: