Հռոմի Ֆրանցիսկոս Պապը չնախատեսված այց է ունեցել Հռոմում նախկին մարմնավաճառների ապաստարան, որտեղ 20 կին է ապրում և օգնություն ստանում կավատների ձեռքից ազատվելուց հետո` տեղեկացնում է BBC-ն:
Նշվում է, որ նրանք բոլորն ապօրինի ճանապարհով են հայտնվել Իտալիայում: Կանանց հարկադրել են մարմնավաճառությամբ զբաղվել: Ֆրանցիսկոս Պապը մարդկանց առևտուրն անվանել է «մարդկայնության դեմ հանցագործություն»:
Նա հույս է հայտնել, որ բոլոր կանայք կկարողանան նոր կյանք սկսել, ապա նրանց մաղթել է «ուժեղ լինել»: Մարմնավաճառների ապաստարանում Պապն անցկացրել է մոտ մեկ ժամ` լսելով կանանց պատմությունները:
Նրանցից միայն մեկ իտալուհի է, յոթը եկել են Նիգերիայից, վեցը` Ռումինիայից, չորսը` Ալբանիայից, մեկը Թունիսից, ևս մեկը` Ուկրաինայից: Կանանց խոստացվել է աշխատանք Իտալիայում, սակայն երբ նրանք մուտք են գործել երկիր, կավատները խլել են նրանց փաստաթղթերը և հարկադրել մարմնավաճառությամբ զբաղվել: