Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և եկեղեցական առաջնորդների հրավերով Հռոմի պապ ֆրանցիսկոսը առաքելական այցով հունիսի 24-ից 26-ը կայցելի Հայաստան: Այդ մասին հայտնում է TASS-ը` հղում կատարելով Սուրբ Աթոռի մամլո ծառայությանը, որը հրապարակել է այցի ծրագիրը:
Պապը կժամանի Երևան հունիսի 24-ին` օրվա երկրորդ կեսին և «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ողջույնի արարողությունից հետո կուղևորվի Հայ առաքելական եկեղեցու գլխավոր տաճար` Էջմիածնի Մայր տաճար, որտեղ կաղոթի և ողջույնով կդիմի Ամենայն հայոց կաթողիղիկոս Գարեգին II-ին: Նույն օրը երեկոյան նախագահական պալատում պապը կհանդիպի երկրի նախագահին, իշխանության ներկայացուցիչների և դիվանագիտական կորպուսին:
Հունիսի 25-ի առավոտյան Ֆրանցիսկոսը կայցելի Ծիծեռնակաբերդ, որտեղ 2001 թվականին աղոթել է Հովհաննես Պողոս II պապը:
Այնուհետև պապը ինքնաթիռով կուղևորվի Գյումրի: Այնտեղ Վարդանանց հրապարակում պապը կմատուցի Սուրբ պատարագ: Օրվա երկրորդ կեսին նա կայցելի հայ առաքելական եկեղեցու սուրբ նահատակներին նվիրված Մայր տաճարը: Նույն օրը երեկոյան Ֆրանցիսկոսը կվերադառնա Երևան, որտեղ Հանրապետության հրապարակում կմասնակցի էկումենիկ հանդիպմանը և խաղաղության համար աղոթքին:
Հունիսի 26-ին՝ Հայաստանում գտնվելու երրորդ և վերջին օրը, Էջմիածնում պապը կհանդիպի հայ կաթոլիկ եպիսկոպոսների հետ և ներկա կգտնվի Սուրբ պատարագին Էջմիածնի Մայր տաճարում:
Նախատեսվում է, որ կքարոզի Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ը, իսկ Ֆրանցիսկոսը կդիմի ողջույնի խոսքերով: Ճաշից հետո կկայանա հանդիպում հայկական եկեղեցու պատվիրակների և բարեգործների հետ, և կստորագրվի համատեղ հռչակագիր:
Վերջին արարողությունը կլինի Խոր Վիրապում՝ աղոթքը: Հունիսի 26-ի երեկոյան Ֆրանցիսկոսը կվերադառնա Հռոմ: Հայաստան այցելությունը կդառնա Հռոմի պապի 14-րդ արտասահմանյան ուխտագնացությունը: