Հռոմի Ֆրանցիսկոս պապը Գյումրիի Սրբոց Նահատակաց առաջնորդանիստ հայ կաթողիկե տաճարին խորհրդանշական քար է նվիրել, որը վերցված է Հռոմի Սբ. Պետրոսի Մայր Տաճարի պատից:
Հայ կաթողիկե առաջնորդարանի մամլո դիվանից հայտնում են, որ քարը Հռոմի պապի անունից ուղարկել է Վատիկանի Սբ. Պետրոսի պապական աթոռանիստ տաճարի լուսարարապետ Կարդինալ Անջելո Քոմաստրին, որը նաեւ նամակ է հանձնել:
Նամակում Կարդինալը գրում է, որ Ֆրանցիոսկոս պապի նվիրած քարը զետեղված է եղել Սուրբ Պետրոսի տաճարի Սուրբ Դռան մեջ 2000-ին՝ Սբ. Հովհաննես Պողոս Բ Պապի կողմից: Քարը տաճարից վերցվել է 2015-ի դեկտեմբերի 8-ին՝ Ողորմության հոբելյանական տարվա բացման առթիվ:
Քարը նվիրվում է «որպես նշան սերտ հաղորդության Սրբազան Քահանայապետի հետ»:
Խորհրդանշական քարը կզետեղվի Գյումրիի Սրբոց Նահատակաց եկեղեցու պատին: