Հռոմի Ֆրանցիսկոս Պապը հինգշաբթի ոտնլվայի արարողությունը կատարել է Հռոմից ոչ հեռու գտնվող Պալյանո բանտում: Սրբազան քահանայապետը լվացել, չորացրել և համբուրել է 12 բանտարկյալների ոտքերը: Հիշեցնենք, որ այս ծեսը խորհրդանշում է ավետարանական այն դրվագը, երբ Հիսուս վերջին ընթրիքի ժամանակ լվանում է 12 առաքյալների ոտքերը: Այս մասին հաղորդում է ru.euronews.com-ը:
«Այս արարողության ժամանակ եկեք մտածենք Աստծո և Հիսուս Քրիստոսի մասին: Այս ծեսը ինչ-որ բանահյուսական ավանդույթ չէ: Սա հիշատակում է այն մասին, ինչ արեց Քրիստոս»,- նշել է Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդը:
Ի դեպ, Ֆրանցիսկոսն առաջին քահանապետն է, որը ոտնլվայի արարողությունը Վատիկանի սահմաններից դուրս բերեց: Այսպես, 2013-ին՝ Զատկի նախաշեմին, նա լվացել էր գաղութում դեռահասների ոտքերը, մեկ տարի անց՝ ծերերի ու հաշմանդամություն ունեցող անձանց, իսկ հաջորդ 2 տարիներին՝ բանտարկյալների և փախստականների: