Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը հույս ունի, որ միջազգային հանրությունը կօգնի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Այս մասին Ֆրանցիսկոս Պապը հայտարարել է Բաքվում Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչների, հասարակական կազմակերպությունների և դիվանագիտական կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպմանը. գրում է Ria.ru-ն:
«Հոգալով այս երկրի մասին՝ կցանկանայի իմ անկեղծ զորակցությունը հայտնել նրանց, ովքեր ստիպված են եղել լքել իրենց հողը, և բոլոր այն մարդկանց, որոնք տառապում են արյունալի հակամարտությունների հետևանքով: Ես հուսով եմ, որ միջազգային հանրությունը կարող է անհրաժեշտ աջակցություն առաջարկել»,- ասել է Հռոմի Պապը:
Տարածաշրջանում կայուն խաղաղության նոր փուլ սկսվելու համար Հռոմի Պապը կոչ է արել բոլորին օգտվել ցանկացած հնարավորությունից՝ այդ հակամարտության գոհացուցիչ լուծմանը հասնելու համար:
«Վստահ եմ, որ Աստծո օգնությամբ և հակամարտության մեջ ներգրավված կողմերի բարի կամքով Կովկասը կդառնա վայր, որտեղ երկխոսության և բանակցությունների ճանապարհով վեճերն ու տարաձայնությունները կլուծվեն և կհաղթահարվեն»,- ասել է Սրբազան քահանայապետը: