Այսօր ժամը 18:40-ի սահմաններում Երկաթգծի էլեկտրական լարերի կարճ միացումից առաջացած կայծից հրդեհ է բռնկվել Բնապահպանության նախարարության Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Լոռու անտառտնտեսությունում։
Բնապահպանության նախարարությունից հայտնում են, որ անտառտնտեսության աշխատակիցները հրդեհն արձանագրել են Վահագնուտ համայնքիn կից երկաթգծի Շահալի կայանի հարկից անտառում։ Հրդեհն ընդգրկել է 5-6 հեկտար տարածք։
Տեղում հրդեհաշիջման աշխատանքներ են տարվում, որին մասնակցում են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի, ԱԻՆ լոռու փրկարար ծառայության, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի աշխատակիցներ։
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Արեգ Կարապետյանը դեպքի վայրից հայտնում է, որ հրդեհը տեղայնացված է, տեղանքի բարդ ռելիեֆի պատճառով հրդեհաշիջման աշխատանքներին հնարավոր չէ ներգրավել հրշեջ տեխնիկա, շիջումն իրականացվում է բահերով և խոնավ լաթերով։