Հրազդան համայնքի նախկին ղեկավար Արամ Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասով։ Դանիելյանը մեղադրվում է կազմակերպված խմբի կողմից առանձնապես խոշոր չափերով յուրացում կամ վատնում կատարելու մեջ։ Արամ Դանիելյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։
Araratnews.am-ը խոսեց նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանի հետ, ով հաստատեց, որ իր նկատմամբ նոր մեղադրանք է առաջադրվել։
«Գործը նախաքննական մարմնում է գտնվում, հետագայում պարզ կլինի»,- ասաց նախկին քաղաքապետը։
Հարցին՝ արդյոք Դանիելյանն ընդունե՞լ է իրեն առաջադրված մեղադրանքը, վերջինս կրկնեց․ «Նախաքննական մարմինը կավարտի քննությունը, և պարզ կլինի»։
Դանիելյանը իր հետ մեղադրվող քաղաքապետարանի 8 աշխատակիցների մասին ոչինչ չասաց՝ պնդելով, որ գործը դեռ քննության փուլում է։
Նշենք, որ այս մեղադրանքի համար Արամ Դանիելյանը կարող է 5-8 տարի ժամկետով ազատազրկվել` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա: Սույն գործով կա ևս 8 մեղադրյալ։ Նրանք բոլորն էլ համայնքապետարանի նախկին աշխատակիցներ են։