տուն Լուրեր Հրազդանի ընտրությունները, «ճնշված» քաղաքապետն ու ջնջված տեսանյութը

Հրազդանի ընտրությունները, «ճնշված» քաղաքապետն ու ջնջված տեսանյութը

134
0

aram.

Երեկ Հրազդանի ՀՀԿ-ական քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Արամ Դանիելյանի շտաբը հայտարարություն էր տարածել, որում նշվում էր, թե ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այցելել է Հրազդան քաղաքում գործող մի շարք ուսումնական հաստատություններ ու «ճնշումներ գործադրել» հաստատությունների ղեկավարների վրա: Արամ Դանիելյանի վարձած անձինք գաղտնի նկարահանել են պատգամավորի տեղաշարժը Հրազդանում՝ փորձելով այդ լուսանկարներն ու տեսանյութը ներկայացնել որպես փաստ: Այս ամենին հետևեց Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը, ըստ որի՝ պատգամավորը պատրաստվում է դիմել ԱԱԾ:

«Հենց նոր տեսա, որ Հրազդան քաղաքում ինչ-որ մարդիկ գաղտնի հետևել են ինձ, գաղտնի տեսանկարահանել ու լուսանկարահանել: Վաղը այս կապակցությամբ պատրաստվում եմ դիմել ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գեորգի Կուտոյանին, ում աշխատանքային պարտականությունների մեջ է մտնում նաև՝ իմ որպես ՀՀ բարձրաստիճան պաշտոնյա հանդիսացող անձի անվտանգության ապահովումը: ԱԱԾ-ն օրենքով սահմանված կարգով թող պարզի.

1. Ովքե՞ր են հետևել ինձ և ինչու՞ են դա արել գաղտնի:

2. Զինվա՞ծ են եղել արդյոք այդ անձինք:

3. Ու՞մ հանձնարարությամբ են իրականացրել անձեռնմխելի անձ հանդիսացող ՀՀ ԱԺ պատգամավորի գաղտնի հետևումը:

4. Արդյո՞ք Հրազդանում, կամ Երևանում իմ տեղաշարժերին հետևում են, եթե այո՝ ովքե՞ր են հետևող անձինք, ու՞մ հանձնարարությամբ և ի՞նչ նպատակով են դա իրականացնում»,- գրում է Փաշինյանը:

Փաշինյանի արձագանքից հետո, սակայն, յութուբից ջնջվել է  տեսանյութը, որն իբրև փաստ ներկայացրել էր Դանիելյանի շտաբը:

Araratnews.am-ը փորձեց ՀՀԿ-ական քաղաքապետից պարզել, թե ինչու է յութուբից անհետացել այդ  տեսանյութը, սակայն «ճնշված» քաղաքապետը հեռախոսազանգերին չպատասխանեց, ապա դարձավ անհասանելի: