Հրազդան քաղաքում երկու օր հետո` ապրիլի 17-ին, քաղաքապետի ընտրություններ են: Այսօր քաղաքապետի երեք թեկնածուներից մեկի՝ Սասուն Միքայելյանի կենտրոնական ընտրական շտաբում հրավիրված ամփոփիչ ասուլիսի ընթացքում շտաբի պետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց` իրենց թիմի աշխատանքը քարոզարշավի ընթացքում բավական հաջող է եղել:
«Այս պահին միակ գործոնը, որ սպառնում է մթագնել ամբողջ պրոցեսը, դա ընտրակաշառքի վերաբերյալ տվյալներն են,մեր ստացած եւ հրապարակած ահազանգերը եւ դրանց վերաբերյալ ոստիկանության ոչ պատշաճ, ոչ օրինական վերաբերմունքը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով` հրազդանցիների հետ շփումներն ու հանդիպումները ցույց են տալիս, որ Հրազդանի գործող քաղաքապետի` Արամ Դանիելյանի վերընտրվելու միակ հնարավորությունը ընտրկաշառք բաժանելն է. «Բացի գումարից ուրիշ գործոն չկա, որը Հրազդանի քաղաքապետին օգնի վերընտրվել այդ պաշտոնում: Նույնիսկ վարչական լծակները չեն օգնի. այն լծակները, որոնք գործադրվում են, աշխատում են ի վնաս Հրազդանի քաղաքապետի թեկնածուի: Այսօր էլ ահազանգեր ունենք՝ դպրոցների աշխատակիցներին ստիպողաբար փորձում են ներգրավել Արամ Դանիելյանին ընտրելու գործընթացին»:
Լրագրողներից մեկի հարցին, թե ի՞նչ չափի ընտրակաշառք է բաժանվում, Փաշինյանն ասաց. «Այս պահին 10 000 դրամ, սակայն չի բացառվում որ «խաղադրույքները» կբարձրանան` հաշվի առնելով, որ Արամ Դանիելյանի թիմակիցները կհասկանան` ոչ բարվոք վիճակում են»: Ըստ շտաբի պետի` տեղեկություններ ունեն, որ բացի փողից, հրազդանցիներին բաժանվում է նաեւ «սելիտրա»:
Նա հավաստիացրեց` ընտրակեղծարարությանն աջակցություն ցուցաբերածները հանգիստ չեն քնի. «Քաղաքական պատասխան եւ հատուցում կստանան, իսկ իրավական հատուցումը ժամանակի եւ իրավիճակի փոփոխության խնդիր է»:
Araratnews.am- ի հարցին, թե ի՞նչ նկատի ունի, երբ ասում է, որ Արամ Դանիելյանին անգամ վարչական ռեսուրսը չի օգնելո, չէ՞որ դա գործող պաշտոնյայի համար հիմնական զենքերից մեկն է ընտրական գործընթացքում, Փաշինյանն ասաց. «Նկատի ունեմ այն, որ Արամ Դանիելյանը, որպես քաղաքապետ, հեղինակազրկված է նույնիսկ իր աշխատակազմում: Ի՞նչ հիմք ունեմ նման բան ասելու. իմ ունեցած տեղեկություններով Արամ Դանիելյանը խոհրդրակցությունների ժամանակ քաղաքապետարանի աշխատողների հետ խոսում է սեռական բնույթի հայհոյանքներով` նույնիսկ կանանց հետ: Երեկ քաղաքապետարանի կրթության, մշակույթի, երիտասարդության բաժնի պետ Անահիտ Նազարյանը հանրահավաքի հարթակից ասաց` հաստատում է իմ տվյալները: Ես չեմ հավատում, որ այդ աշխատակազմը, որն ամեն օր ենթարկվել է նվաստացումների՝ պատրաստ է մի կողմ դնելու իր մարդկային արժանապատվությունը եւ աշխատելու է Արամ Դանիելյանի օգտին»:
Նիկոլ Փաշինյանը հույս հայտնեց, որ ապրիլի 16-ի երեկոյան Սասուն Միքայելյանը Հրազդանում կլինի: Նշենք, որ քաղաքապետի թեկնածուն այս պահին Արցախում է, պաշտպանում է հայրենի սահմանները:
Ընտրացուցակներում ընդգրկվածների թիվը մոտ 40 հազար է, բայց Սասուն Միքայելյանի թիմակցիների կատարած ուսումնասիրությունները փաստում են, որ Հրազդանում ընտրողների թիվն այս պահին շուրջ 27 հազար է:
Շողիկ Գալստյան
Հրազդան