ՀՀ Ազգային ժողովն այսօր 62 կողմ, 13 դեմ և 15 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը՝ «Հրազդան-Ցեմենտ» ՓԲԸ-ին հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով արտոնություններ տալու մասին օրենքի նախագիծը: Նախքան քվեարկությունը, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն ասաց. «Մենք, ըստ էության, արտոնություն ենք տրամադրում մի ձեռնարկության, որը անփույթ կամ գուցե միտումնավոր ծրագրված մենեջմենթի արդյունքում նախկին սեփականատիրոջ կամ սեփականատերերի արդյունքում կանգնել է առկա իրավիճակի առջև»:
Պատգամավորը հորդորեց հաշվի առնել նաեւ այն, որ ներկայիս սեփականատեր հանդիսացող «ՎՏԲ-Հայաստան Բանկ»-ը ռուսական «ՎՏԲ» բանկի այն կապիտալի մասն է, որի բաժնետերը ադրբեջանցի է:
Սակայն աշխատատեղերի պահպանման հարցը հաշվի առնելով՝ պատգամավորը կոչ արեց «կողմ» քվեարկել:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ ասաց, որ կհետևեն պատգամավորի հորդորին:
Հիշեցնենք, որ կառավարությունն առաջարկում է «Հրազդան-ցեմենտ» ընկերությանն ազատել 2016 թ. փետրվարի 1-ի դրությամբ հաշվարկված, բայց չվճարված հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության գծով առաջացած տույժերից` 510 մլն 125 հազար դրամ ընդհանուր գումարի չափով: