Ինչպես արդեն տեղեկացրել էինք օրեր առաջ Araratnews.am-ը գրավոր հարցում էր ուղարկել Հրազդանի գործող քաղաքապետ, քաղաքապետի ՀՀԿ-ական թեկնածու Արամ Դանիելյանին: Հիշեցնենք, որ Դանիելյանի շտաբի կողմից ավելի վաղ տարածվել էր տեսանյութ, զուգահեռ նաեւ՝ հաղորդագրություն, թե իբր Հրազդանի քաղաքապետի մեկ այլ թեկնածու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբի պետ Նիկոլ Փաշինյանը շրջում է Հրազդանի ուսումնական հաստատություններով եւ «ճնշում» մանկավարժներին:
Թերեւս քննարկման մեկ այլ թեմա է, թե ում պատվերով էին գաղտնի հետեւել եւ տեսանկարահանել ԱԺ պատգամավորին: Փաշինյանը դիմել է ԱԱԾ:
Վերադառնալով տեղի ունեցածին եւ որոշակի հարցեր պարզաբանելու ակնկալիքով դիմել զանգահարել էինք Արամ Դանիելյանին: Բայց գործող քաղաքապետը հայտարարել էր, թե զբաղված է, եւ խորհուրդ էր տվել հարցերն ուղղել քաղաքապետարանի լրատվականի պետին: Լրատվականի պետ Ալվինա Զաքարյանն էլ մեզ հետ զրույցում պահանջել էր հարցերն ուղարկել գրավոր:
Լրատվականի պետին ուղարկել էինք հետեւյալ հարցերը:
Ինչու՞ է գործող քաղաքապետը խուսափում զրուցել լրագրողների հետ:
Օրեր առաջ համացանցում Արամ Դանիելյանի շտաբի կողմից տարածվեց տեսանյութ, որտեղ, ըստ շտաբի հայտարարության, Հրազդանի քաղաքապետի ընտրություններում առաջադրված Սասուն Միքայելյանի շտաբի պետ Նիկոլ Փաշինյանը շրջում է ուսումնական հաստատություններով եւ ճնշում մանկավարժներին: Մինչդեռ, տեսանյութում ճնշման կադրեր այդպես էլ չտեսանք: Որտեղից է նման տեղեկատվությունը:
Նույն օրը համացանցից ջնջվեց տեսանյութը: Ի՞նչ տեղեկություններ ունեք ջնջողների մասին:
Արամ Դանիելյանը դիմել է գլխավոր դատախազություն: Ի՞նչ փաստեր են ներկայացվել, հատկապես այն պարագայում, որ տեսանյութը ջնջվել է:
Դպրոցի տնօրենները հերքել են ճնշումների վերաբերյալ շտաբի տարածած տեղեկությունը: Չե՞ք տեսնում արդյոք հակասություն:
Սակայն, գրավոր հարցերից լրատվականից պատասխանել են միայն առաջին հարցին: Այն ներկայացնում ենք ստորեւ՝
Ինչու՞ է գործող քաղաքապետը խուսափում զրուցել լրագրողների հետ:
— Հրազդանի քաղաքապետ Ա. Դանիելյանը երբեք չի խուսափել լրատվամիջոցների հետ շփվելուց, մշտապես մասնակցել է հանրային բնույթի ամենատարբեր միջոցառումների և պատասխանել զանգվածային լրատվության միջոցների կողմից բարձրացվող տարաբնույթ հարցադրումների: Պարզապես, այս պահին առկա է աշխատանքային ծանրաբեռնվածություն ինչպես համայնքային գործընթացների, այնպես էլ՝ որպես համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրման ընթացակարգերի առումով՝ և առավել նախընտրելի ենք համարում հարցումներին պատասխանելու գրավոր տարբերակը:
Ինչ վերաբերում է մյուս բոլոր հարցադրումներին, ապա քաղաքապետարանի լրատվականից հայտնել են հետեւյալը.
—Մնացյալ բոլոր հարցադրումների մասով տեղեկացնում ենք հետևյալը, որ հիշյալ բոլոր հարցերի շուրջ մամուլում արդեն իսկ եղել են տարբեր հրապարակումներ և առավել նպատակահարմար է օգտվել արդեն իսկ արված հրապարակումներից ու արտահայտված դիրքորոշումներից:
Բոլորովին վերջերս դիմել ենք ՀՀ Գլխավոր դատախազություն, համապատասխան պարզաբանումներ ստանալու դեպքում այդ գործընթացը ևս, բնականաբար, կլուսաբանվի մամուլում:
Զարմանալի է, որ քաղաքապետարանի լրատվականից հղում են անում մամուլի ինչ-որ հրապարակումների: Հատուկ ընդգծում ենք Հրազդանի քաղաքապետի եւ համայնքային բյուջեից աշխատավարձ ստացող լրատվականի պետի համար, այս կամ այն լրատվամիջոցին հղում անելը հարցին պատասխանել չէ: Ավելին, պատասխանում հստակ նշված չէ, թե կոնկրետ որտեղ է պարզաբանում տրվել մեր վերը նշված հարցրերի առնչությամբ: ՀՀԿ-ական քաղաքապետին եւ վերջինիս աշխատակցին չէր խանգարի ծանոթանալ ԶԼՄ-ների մասին օրենքի համապատասխան դրույթին:
Փայլակ Ֆահրադյան