Թվում էր՝ որքան մոտենում է ոչ իշխանական եռյակի հայտարարած հանրահավաքի օրը, այնքան իշխանությունները քայլեր են անում քառյակի 12 կետանոց պահանջի ուղղությամբ ու «շուստրի» լուծումներով փորձում թոզ փչել մարդկանց աչքերին:
Օրինակ, քառյակն իր երրորդ կետով պահանջում էր՝ «առնվազն երեք անգամ նվազեցնել շրջանառության հարկը, հանել սահմանի վրա ԱԱՀ-ի հարկումը»: Պահանջի վերջին մասը եւ, ընդհանրապես, ամբողջը կարելի էր կատարված համարել, բայց «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքը մի քանի օր է, ինչ մարդկանց փողոց է դուրս բերել, որովհետեւ շրջանառության հարկը թեպետ 3.5 տոկոսից իջնում է 1 տոկոսի, սակայն տնտեսվարող սուբյեկտների, մասնավորապես, առեւտրի ոլորտի ՓՄՁ ներկայացուցիչների համար սահմանվել է պահանջ, որ իրացվող բոլոր ապրանքների համար պետք է առկա լինեն ձեռքբերման փաստաթղթեր, կառավարությունը «փաստարկում» է, որ այսպիսով պայքարում են ստվերի դեմ, սակայն փոքր ու միջին ձեռնարկատիրության ներկայացուցիչները բողոքում են, որ խոշոր բիզնեսի ներկայացուցիչները հաճախ ապրանքների վերաբերյալ փաստաթղթեր չեն տրամադրում փոքր ու միջին ձեռնարկություններին: Նոր փոփոխությամբ՝ առաջին անգամ փաստաթուղթ չներկայացնելու դեպքում ձեռնարկությունը նախազգուշացում է ստանում, երկրորդ անգամ տուգանվում է 20 հազար դրամի չափով, երրորդ անգամ՝ շրջանառության հարկի 5 տոկոսի չափով:
Այսինքն՝ մի ձեռքով կառավարությունն ընդառաջ է գնում քառյակին, մյուսով ՓՄՁ-ների դեմ տեռոր անում՝ խնայելով խոշոր գլուխներին: Նույն կիսահղի վիճակն է նաեւ քառյակի հաջորդ պահանջի հարցում, այն է՝ «Նաիրիտ» գործարանի վերագործարկման ծրագրի, աշխատակիցների նկատմամբ կուտակված պարտքի վճարման հարցը: Կառավարությունը կարծես քայլեր ձեռնարկում է, մեկ-երկու ամսվա աշխատավարձեր վճարում է եւ խոստանում գործարանի վերագործարկում, բայց թե ինչպես, ինչ միջոցներով, դեռեւս հայտնի չէ: Թերեւս հասկանալով, որ իրավիճակը ծայրաստիճան սրված է, ու հնարավոր չէ այսպիսի մուկնուկատվի խաղով իրավիճակը հարթել, քանի որ ժողովուրդը հարմար առիթի դեպքում անկառավարելի կարող է դառնալ, Սերժ Սարգսյանը կամաց «խրամատավորման» գործին է լծվել: Սյունիքի մարզպետի պաշտոնում վերադարձվեց քաջարի Լիսկան՝ ճիշտ նույն օրը, երբ մեկնարկեցին եռյակի մարզային այցելությունները, որոնք չեն շրջանցի նաեւ Սյունիքը: Մինչդեռ իշխանության նախավարժանքներն ու լուրջ պատրաստությունները եռյակին չեն դրդում ռադիկալ քայլերի, ու շատերը նորից խուսափում են խոսել իշխանափոխության պահանջի մասին: ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը, օրինակ, կարծում է, որ քառյակի 12 կետերից որեւէ մեկն այս պահի դրությամբ կատարված չէ, «Շրջանառության հարկի մանին» նոր օրենքին անդրադառնալով էլ ասաց, որ քառյակը դա չէր պահանջում. «Մենք հազարավոր աշխատատեղեր ենք կորցնելու: Կառավարությունը փաստարկ է բերում այն, որ այսկերպ պայքարում են ստվերի դեմ: Ինքս կողմ եմ ստվերային տնտեսության ծավալների կրճատմանը, սակայն դեմ եմ, որ այն իրականացվի փոքր ու միջին տնտեսվարողների գործունեության պայմանների վատթարացման հաշվին»: Եթե կառավարությունը չգիտի ստվերի դեմ պայքարելու եղանակները, Միքայել Մելքումյանը կհուշի: «Օրինակ, խոշորը սահմանի վրա ներկրվող ապրանքի համար ԱԱՀ է, չէ՞, մուծում, դա անում է ծավալից կախված, ուրեմն, ինչ է, թաքցնո՞ւմ են այդ ծավալը»,- հարցրեց նա, սակայն կրկին անպատասխան թողեց հարցը՝ այս իրավիճակը հիմքեր չի՞ տալիս հոկտեմբերի 10-ի հանրահավաքին պահանջելու կառավարության կամ իշխանության հրաժարականը: «Հանրահավաքի օրը կգա՝ կորոշենք, համբերեք»:
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթում