Մի քանի օր է, ինչ հարյուրավոր փոքր ու միջին ձեռներեցներ կառավարության մոտ պահանջում են կասեցնել «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքի կիրառումը, որը նրանց ճնշման ներքո հոկտեմբերից կասեցվել էր մինչեւ փետրվարի 1-ը: Հիշեցնենք, որ այս «բարեփոխումով» կառավարությունը շրջանառության հարկը 3,5-ից նվազեցրել է 1 տոկոսի, բայց հետո պարզվեց, որ հին՝ բարձր տոկոսով օրենքն ավելի ընդունելի է, քան նորը, քանի որ բարեփոխումը նպատակ ունի փոքր բիզնեսին նեղել ու սնանկացնել: Պրագմատիկ վարչապետը, երկրի գլխավոր հարկահավաք Գագիկ Խաչատրյանը, նախագահ Սերժ Սարգսյանը որոշել են փոքր ու միջին ձեռնարկատերերի միջոցով դուրս գալ մեծերի վրա՝ ստիպել, որ նրանք ստվերից դուրս գան: Իսկ խոշորին փոքրի միջոցով ստվերից հանելու համար որոշվել է, որ փոքրերը պետք է մանրամասն հաշվետվություն տան իրենց ապրանքաշրջանառության հետ կապված՝ ներկայացնելով բոլոր հաշիվ-ապրանքագրերը: Օրենքի գլխավոր խնդիրը՝ փաստաթղթավորված աշխատելը, ՓՄՁ-ները մերժում են, խորհուրդ տալով այդ տվյալները պահանջել հարկային արտոնյալ պայմաններում գործող խոշոր գործարարներից: Ստեղծվել է անելանելի վիճակ. ՓՄՁ-ները պահանջում են կասեցնել օրենքը, սպառնալով անժամկետ գործադուլ անել: Իսկ պայքարի ցանկացած կայծ կարող է մեծ հրդեհի պատճառ դառնալ: Ո՞ւմ է սա ձեռնտու՝ Հովիկ Աբրահամյանի՞ն, թե՞ Սերժ Սարգսյանին: Հայտնի է, որ առաջինը Գագիկ Ծառուկյանի խնամին է: Սակայն հայտնի է նաեւ, որ օրենքի կասեցումը կամ կիրառումը կախված է մեկ մարդու՝ Սերժ Սարգսյանի կամքից: Այս դեպքում հարց է ծագում՝ ինչո՞վ է այս վիճակը ձեռնտու Սերժ Սարգսյանին: Գուցե որոշել է ծանր դրության մեջ դնել Արգամիչ-Ծառուկյան դաշինքի՞ն: Եվ վերջին պահին ասել՝ «Հովիկ ջան, սիրուն չի»: Սա կպարզվի առաջիկայում:
Իսկ օրեր շարունակ կառավարության դռների մոտ անցկացնող ցուցարարները երեկ հանկարծ որոշեցին բարձրանալ Աբրահամյանի կաբինետ՝ քննարկելու հարցը: Մի քանի լրագրողների եւս թույլատրեցին կարճ ժամանակով ներկա գտնվել այդ հանդիպմանը: Ներս մտնելով՝ վարչապետը մուննաթ եկավ. «Ես ձեզ առաջինը ցանկություն եմ հայտնել ընդունելու, դուք չգիտեմ որ հոսանքներին ընդառաջ գնացիք, լսեցիք մարդկանց եւ ցանկություն չհայտնեցիք հանդիպելու, թե թող վարչապետն իջնի ներքեւ: Վարչապետը կարող է յուրաքանչյուր պահի իջնել, բայց հո փողոցում չե՞նք քննարկելու հարցերը, դրա համար ես ասացի. բարձրացեք՝ քննարկենք, նորմալ, կառուցողական, մարդկային հարաբերություններով: Այս ձեւաչափով մենք հաջողությունների չենք հասնի, մեր նպատակն է, որ դուք աշխատեք, արարեք, ձեր ընտանիքները պահեք, հո մենք ձեր թշնամին չե՞նք, հակառակը՝ մենք ուզում ենք նորմալ պայմաններ ստեղծել ձեզ համար»: ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի նախագահ Հակոբ Ավագյանը ներկայացրեց ցուցարարների պահանջը: Քննարկումն արդեն ընթացավ առանց լրագրողների: Մինչ նրանք վարչապետին ներկայացնում էին իրենց առաջարկը, կառավարության շենքի առջեւ հայտնվեց ԲՀԿ դեսանտը՝ քաղաքական խանդավառությամբ վարակելով ցուցարարներին: Նրանք այս օրերին չէին երեւացել ոչ կառավարության մոտ, ոչ էլ նախագահականի: Երեկ թերեւս միտինգի ամենաթեժ օրն էր, եւ Վահե Էնֆիաջյանն ու Վահան Բաբայանը քաղաքական պոպուլիզմով ջերմացրին ընդվզող ու մի քանի օր դրսում սառած ցուցարարների հոգին: Բղավեցին, որ սիրում են նրանց, «Բարգավաճն» իրենց հետ է, կգնան ԱԺ եւ կքննարկեն հարցը, երկուշաբթի ԱԺ-ի մոտ իրենց կասեն խնդրի ճակատագիրը: Ցուցարարները ոգեւորված բացականչում էին. «Բար-գա-վաճ, Բար-գա-վաճ, մենք էլ ձեզ ենք սիրում»: Տնտեսագետ պատգամավոր Միքայել Մելքումյանը ներկայացրեց օրենքի հետեւանքները ՓՄՁ-ների համար եւ հիշեցրեց, որ ուժի մեջ է իրենց նախկին առաջարկը՝ օրենքը շրջանառել կամավորության սկզբունքով: Պատգամավորների հեռանալուց հետո ավարտվեց նաեւ վարչապետի մոտ քննարկումը, որին մասնակցած ցուցարարները ներքեւ իջան ու իրենց գործընկերներին փոխանցեցին, որ մի քանի օրից կորոշեն վերջնական անելիքը: Թերեւս՝ մինչեւ երկուշաբթի:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։