Երեւանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ եւ Լեւոն Ջուլֆալակյանի անձնական մարզիչ Սամվել Գեւորգյանը գոհ է Տաշքենդում անցկացված աշխարհի առաջնությունից, որտեղ մենք երկու ոսկի մեդալ նվաճեցինք՝ ունենալով միանգամից երկու աշխարհի չեմպիոն՝ 75 կգ քաշային կարգում Արսեն Ջուլֆալակյանն ու 98 քաշային կարգում Արթուր Ալեքսանյանը:
«Կազմակերպչական հարցերում ամեն ինչ նորմալ էր, ու խնդիրներ չենք ունեցել դատավորների հետ կապված էս անգամ»,-ասաց Սամվել Գեւորգյանը:
Անդրադառնալով մեր մրցակիցներին՝ Ս. Գեւորգյանն ասաց, որ բոլոր հակառակորդներն էլ ուժեղ էին. «Դե, աշխարհի չեմպիոնատ է, բոլոր ուժեղները մասնակցում էին: Ըմբշամարտն էնպիսի սպորտ է, որ արդեն բոլոր երկրներոմ էլ զարգացած է, բայց հիմնականում մեր պարսիկ հակառակորդն էր, որ մինչեւ եզրափակիչ դաժան պայքար գնաց նրա ու մեր Արթուրի միջեւ, բայց կարողացավ Արթուրը հաղթել, դե Արսենն էլ, Վլասովը դուրս մնաց, չհասավ Արսենին, ու Արսենն էլ արդեն հաղթեց նրան հաղթողներին ու դարձավ չեմպիոն»:
Ըստ Սամվել Գեւորգյանի՝ այսպիսի բան ըմբշամարտի պատմության մեջ չէր եղել, որ նույն երկրից աշխարհի առաջնությանը միանգամից 2 ոսկե մեդալ, 2 աշխարհի չեմպիոն լինեին:
Մեր դիտարկմանը, թե Վլասովի դուրս մնալն արդյո՞ք դյուրացրեց Արսենի հաղթանակը՝ հաշվի առնելով, որ նա նախկինում պարտվել էր Վլասովին, Ս. Գեւորգյանն ասաց, որ այս անգամ մենք ավելի պատրաստ էինք, քան Վլասովը, ու վստահ է, որ եթե նույնիսկ Վլասովը հասներ Ջուլֆալակյանին, միեւնույն է, պարտություն էր կրելու. «Իմ կարծիքով՝ մենք էս անգամ ավելի պատրաստ էինք, քան թե ինքը, որովհետեւ գոտեմարտելուց արդեն երեւում էր, որ եթե ինքը նույնիսկ մեզ էլ հասնի, կպարտվի, որովհետեւ Արսենն էլ բոլորին մեծ առավելությամբ էր հաղթում, ու երեւում էր, որ մենք ավելի պատրաստ ենք, քան թե ինքը, ու կհաղթեինք անպայման»:
Կարծես ավանդույթ է ձեւավորվել, որ օլիմպիական սպորտաձեւերում սովորաբար միշտ գյումրեցի մարզիկներն են չեմպիոն դառնում: Սամվել Գեւորգյանն այս հանգամանքը բացատրում է հետեւյալ կերպ. «Դե գիտեք ինչ, Գյումրին միշտ էլ սպորտային առումով ուժեղ է եղել, ես չեմ կարող դա բացատրել, բայց, ասենք, Արսենը, օրինակ, արդեն 10 տարուց ավել կլինի՝ Երեւանում է մարզվում՝ իմ գլխավորությամբ, բայց դե… ես չէի ասի, թե Երեւանում ինչ-որ բանով հետ է մնում, բայց սովորաբար բոլորը գալիս են, Երեւանում են հասնում հաջողությունների, կարող է էնտեղի ծնունդն ունեն, բայց էսօր Երեւանը ոնց որ ստիմուլ է տալիս, էլի»: Այսինքն՝ տաղանդը Գյումրիից, մնացածը՝ Երեւանի՞ց:
Սամվել Գեւորգյանը ծիծաղում է. «Հա, այ, ճիշտ ասացիք: Մենք էսօր մարզադպրոցներ ունենք Երեւանում, օրինակ՝ իմ մարզադպրոցը, որ ամենաուժեղ մարզադպրոցներից մեկն է եւ բազմաթիվ մեդալներ է բերել էս տարի»:
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթում