Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մայիսի 27-ին դիմել է գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին, որպեսզի վերջինս զբաղվի իր եւ կնոջ մասին վերջին շրջանում լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների տարածման խնդրով։ Նախարարը գրել է, որ իր կնոջ մասնակցությամբ վթարի, Ֆրանսիայում հիվանդանոց, թանկարժեք մուշտակ ձեռք բերելու եւ մյուս լուրերը սուտ են, ապատեղեկատվություն, նպատակ ունեն զրպարտելու իրեն եւ իր ընտանիքին: Օհանյանը խնդրում է պարզել տեղեկությունների իսկությունը, իսկ եթե պարզվի, որ դրանք սուտ են, ճշտել դրանք տարածողի ինքնությունը եւ պատասխանատվության ենթարկել: Ներկայացրել է նաեւ խնդրո առարկա հրապարակումները՝ հիմնականում «Հայկական ժամ» կայքից: Գլխավոր դատախազի խորհրդական Քրիստինե Մելքոնյանը մեզ հետ զրույցում հաստատեց այս տեղեկությունը․ «Նկատի ունենալով, որ վերոնշյալ նյութերում առկա է առերեւույթ հանցագործության հատկանիշներ պարունակող տեղեկատվություն, ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳ քննության վարչության կողմից վերոնշյալ նյութերն ուղարկվել են ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն՝ Քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան ընթացքը լուծելու համար»: Նկատենք, որ զրպարտությունն ու վիրավորանքը վաղուց են ապաքրեականացվել, սակայն պաշտպանության նախարարը որոշել է ետ պտտել ժամանակի անիվը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։