տուն Մամուլ «Հրապարակ». Սերժի՛կ, հեռացի՛ր, Հովի՛կ, մնա՛

«Հրապարակ». Սերժի՛կ, հեռացի՛ր, Հովի՛կ, մնա՛

73
0

hraparak5

«Մոտեցեք, որ սկսենք: Հարգելի քաղաքացիներ, ես ձեզ նորից եմ խնդրում, մոտեցեք, որ սկսենք»,- այս հորդորով երեկ մեկնարկեց Աբովյանի քաղաքապետարանի մոտ կազմակերպված ԲՀԿ-ՀԱԿ-«Ժառանգություն» եռյակի առաջին հանրահավաքը: Այն վարում էր ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը: Հանրահավաքը բավականին բազմամարդ էր. թեեւ միայն եռագույնն էր մարդկանց ձեռքին փողփողում, սակայն ակնհայտ էր, որ ԲՀԿ էլեկտորատն է հավաքվել: Մոտակայքում ավտոբուսներ ու միկրոավտոբուսներ էին կանգնած. դրանցով Աբովյանին հարեւան գյուղերից ու քաղաքներից բնակչություն էր բերվել՝ հանրահավաքին մասնակցելու: Պատահականություն էր, թե հատուկ մտածված քայլ, սակայն պարզվեց, որ տարածքում ինտերնետ չկա, ու լրատվամիջոցներն ուղիղ եթեր մտնելու հնարավորություն չունեցան: Հավաքվածների մեջ կային նաեւ Գագիկ Ծառուկյանի թիկնապահներից: Նրա թիկնազորի պետը՝ Էդոն, հենց հարթակում էր, ԲՀԿ-ական պատգամավոր Աբրահամ Մանուկյանի եւ Ծառուկյանի փեսա, Աբովյանի քաղաքապետ Կարապետ Գուլոյանի հետ:

Ուրիխանյանը նախ ողջունեց աբովյանցիներին, ինչին հետեւեց ներկաներից մեկի արձագանքը՝ «բա չարենցավանցիների՞ն»: Հետո ասաց, թե ինչի համար են իրենք եկել այստեղ. հանդիպելու ժողովրդի հետ, լսելու նրա ձայնը: Եվ իր խոսքը հենց սկզբից կառուցեց սահմանադրական բարեփոխումները քննադատելով: «Մենք եկել ենք ժողովրդի հետ այսպես բաց ու ազատ հանդիպելու, ոչ թե իշխանությունների նման, որ գնում էին, իբր սահմանադրական բարեփոխումների համար հանդիպում մարզային բնակչության հետ փոքրիկ դահլիճներում: Մենք եկել ենք լսելու մեր ժողովրդի ձայնը»: Եվ խոսքը փոխանցեց Վարդան Օսկանյանին, ով խոսեց տնտեսական ցուցանիշներից՝ համեմատական անցկացնելով ոչ շատ հեռու անցյալի հետ: «Մեր տարեկան ՀՆԱ-ն այսօր նույնն է, ինչ 2008 թվականին: Այսինքն՝ տեղում դոփել ենք: Բայց մի քիչ որ խորանում ենք, տեսնում ենք, որ հետ ենք գնացել, արտաքին պարտքն ավելացել է, էապես նվազել է բնակչության քանակը, արտագաղթը մեծացել է, ժողովրդի սոցիալական վիճակը վատացել է, եւ եթե մի քիչ խորը դատենք, կհասկանանք, որ այս իշխանությունները ոչ մի առաջընթաց չեն գրանցել… Ընդդիմությունն այս բոլորը հենց սկզբից շատ լավ տեսել է, այս խնդիրների գլխավոր պատճառը մեկն է՝ քաղաքական մենաշնորհը: Այսօր ամեն ինչ ղեկավարվում է մի կենտրոնից՝ մի քաղաքական ուժի կողմից: Քաղաքական մենաշնորհը բերում է տնտեսական մենաշնորհի»: Ընդդիմությունը համախմբված պայքարում է այս ամենի դեմ, եւ արդյունքում իրենց հաջողվեց փոխել վարչապետին՝ նշանակվեց նոր վարչապետ, ում իրենք ժամանակ են տվել, որ 12 պլյուս մեկ կետերի պահանջները կատարի: Խոսելու հերթը հասավ «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին, ով հիշեց 88-ի շարժումը, որ այն սկսվել է հենց Աբովյանից, հետո անցավ Սյունիքի մարզպետի պաշտոնում Սուրիկ Խաչատրյանի նշանակմանը եւ անդրադարձավ հրաժարականների պահանջին՝ սկսելով վարչապետից. «Ասենք թե պահանջեցինք նորից կառավարության հրաժարականը, եւ հիմա էլ Հովիկ Աբրահամյանին հանեցին, ո՞ւմ պետք է բերեն նրա փոխարեն: Պետք է բերեն Գալուստ Սահակյանին: Դրանով որեւէ բան կփոխվի՞: Իհարկե, չի փոխվի», ուստի համակարգային փոփոխություն է պետք, արդար ընտրություններ, իսկ, այ, դրա համար համախմբվել է պետք՝ հյուսիսից հարավ, արեւելքից արեւմուտք: «Տարբեր փորձագետներ, լրատվամիջոցներ բազմաթիվ հակասություններ են ուզում գտնել այս ընդդիմադիր ուժերի համախմբման մեջ: Այսպիսի համախմբվածություն, որ հիմա կա այս ուժերի մեջ, այսպիսի համախմբվածություն երբեք չի եղել»,-վստահեցրեց «Ժառանգության» փոխնախագահը: «Հաղթանա՛կ, հաղթանա՛կ» վանկարկումներով նա իջավ ամբիոնից: Հաջորդ ելույթը Արամ Մանուկյանինն էր: «Խնդրում եմ լավ հիշեք այս օրը՝ սեպտեմբերի 25-ը, որ այսօրվանից այստեղից սկսելու է մի նոր շարժում»,-ասաց Մանուկյանը՝ ընդգծելով երեք ուժի միավորման հանգամանքը: «Մենք հիմա մեկ հարցում միասնական ենք՝ փրկել Հայաստանը: Մեր շարժումն ուղղված չէ որեւէ մեկի դեմ, որեւէ երկրի դեմ, որեւէ երկրի կողմից չի թելադրվում, մենք ո՛չ հակառուս ենք, ո՛չ հակաեվրոպացի, մենք հայ ենք, մեր խնդիրը կանգեցնելն է այն ընթացքը, որի մեջ գտնվում է ՀՀ-ն, իսկ Հայաստանի վիճակը լուրջ է», եւ դա պետք է անել շատ արագ: Այնուհետեւ Արամ Մանուկյանի ելույթը դարձավ ավելի բոցաշունչ ու հայհոյախառն. «Իշխանության աշխատանքի արդյունքում մի շերտ կա, որ ասում է՝ շառից հեռու, փորձանքից հեռու, հեռու գնամ՝ չխառնվեմ: Բայց սեղանների շուրջ աջակցում են, բայց դուխը չի հերիքում, որ գան: Մյուս շերտն ասում է, որ լքում է մարտի դաշտը, վախկոտ են, թողնում գնում են, իր ծնողների գերեզմանը թողնում գնում են: Բայց եթե մենք էլ հանկարծ թողնենք գնանք՝ ո՞ւմ ենք թողնում, բորենիների՞ն, մի խումբ ավազակների՞ն, բա մեր թոռները չե՞ն ասի՝ ա՛յ վախկոտներ, ամերիկաներում աման լվացող եք աշխատում, բա ձեր սե՞րը հայրենիքի նկատմամբ: Բայց կա մի ուրիշ ժողովուրդ, որի համար ես հպարտ եմ, դա ձե՛ր տեսակն է, որ ասում է՝ Սերժի տիրոջ մերն էլ, Սաշիկինն էլ, Միշիկինն էլ, երկրի տերը ես եմ: Հալալ ա բոլոր էն մարդկանց, ովքեր իրենց տեր են զգում, որ չեն ուզում մի քանի բաշիբոզուկ մարդկանց արտաքսի էս երկրից, հալա՛լ ա ձեզ»:

Հաջորդ բանախոսը ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն էր, ով նորից խոսեց նախկին վարչապետի մասին եւ անցավ սահմանադրական փոփոխությունների քննադատությանը. սա մի նպատակ է հետապնդում՝ եւս 10 տարով ապահովել իշխանության դիկտատուրան:

Հետո կրկին խոսեց Ուրիխանյանը՝ նկատելով, որ ժողովուրդը հիմա լսում է խոսք, բայց նաեւ ուզում է տեսնել գործողություններ, որի առաջին քայլը կտեսնենք հոկտեմբերի 10-ին: Խոսք վերցրեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը, ով նկատեց, որ հոկտեմբերի 10-ի համապետական շարժման սկիզբը դրվեց երեկ, կառավարության նիստի ժամանակ, երբ վերանշանակվեց Սուրիկ Խաչատրյանը: Նա նշեց, որ իրենք ունեն իրենց օրակարգը, բայց պետք է լսեն նաեւ ժողովրդին, այն է՝ օր առաջ ազատվել գործող իշխանություններից:

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթում