Երեկ Ավետիսյանների ընտանիքի ամենափոքրիկ անդամի հուղարկավորությունն էր: Երբ սոցիալական ցանցերում եւ լրատվամիջոցներում «պաթետիկ» հարցեր էին բարձրացնում, թե ախր որտե՞ղ ես, է՞, Սերժ Սարգսյան, ինչո՞ւ չմասնակցեցիր գոնե հուղարկավորության արարողությանը, գյումրեցիներն իրար մեջ խոսում էին, որ չէին ցանկանա տեսնել նրան, նույնիսկ հոգեհանգստի ժամանակ: «Գա հասնի Գյումրի, որ ի՞նչ փոխվի: Դժբախտությունը, եթե նկատել եք, շուտ է տեղի ունեցել: Լավ նախագահ էր՝ թող ավելի շուտ գար կամ ավելի շուտ ցավակցեր»,- ասաց մի տղամարդ:
«Երբ իմացանք, որ փոքրիկը հիվանդանոցում է, էս տառապանքի մեջ մի փոքր հույս ծնվեց: Այն էլ էդ հույսը մեռավ ու ավելի դաժան»: Սբ. Նշան եկեղեցու մոտ հավաքված մարդկանց մեջ էին նաեւ Ավետիսյանների ազգականները, որոնք այնպիսի վիճակում էին, որ անկարող էին խոսել: «Չենք ասում, որ Սարգսյանն ա մեղավոր այս ամեն ինչում, բայց, որպես նախագահ, պետք է որոշ գործողություններ ձեռնարկեր: Եթե առաջ իրան չէինք սիրում երկրի վատ վիճակի համար, հիմա՝ առավել եւս, մեր աչքից ավելի ընկավ»: Հոգեհանգստի եւ թաղման արարողությունների ժամանակ մարդիկ իրենց անելիքների մասին դեռ չգիտեին: «Հիմա դեռ լռելու ժամանակն է, բայց եթե մարդիկ իրենց խոստացածները չկատարեն, էստեղ հավաքված բոլոր մարդիկ էլ մի մարդու նման կպայքարեն, էդ թող հաստատ իմանան իշխանությունները: Իսկ Սերժ Սարգսյանի գալ-չգալը մեզ պետք չէ: Մեզ մենակ մի բան է պետք, որ էդ ոճրագործին հանձնեն մեզ»,- ասաց մի մեծահասակ գյումրեցի: Կողքից էլ միջամտեց առավոտից եկեղեցու մոտ կանգնած մի երիտասարդ. «Համ էլ, եթե գար, գյումրեցիները հաստատ վատով էին ընդունելու: Երեւանում էլ պահանջում են սուգ հայտարարեն, ինչ-որ նման բաներ, բայց հիմա այն դեպքն է, որ պետք չէ սուգ հայտարարեն, այսպես թե այնպես, մարդիկ սգում են, ավելորդ ձեւականություններ են»:
Ի՞նչ է լինելու հիմա՝ հարց էին տալիս մարդիկ: Ի վերջո, Գեւորգ Կոստանյանի «տղավարի» խոստումը կիրականացվի՞, թե՞ ոչ: Եթե ռուս զինծառայողին դատելու իրավունքն այդպես էլ հայկական կողմին չհանձնվի, ինչպե՞ս են վարվելու գյումրեցիները: Վերջին դեպքերն ամեն դեպքում հուշում են, որ հանգիստ տներում չեն նստելու. «Հիմա դեռ բան չեմ կարող ասել, էս պահին նման բանի մասին խոսելը ճիշտ չի լինի: Համ էլ ո՞վ իմանա, կախված է գործերի ընթացքից»:
Այն կարծիքը, թե այս ողբերգական իրադարձություններն ավելի խորը արմատներ ունեն, քան մենք պատկերացնում ենք, մատնանշելով արեւմտյան գործակալների եւ հնարավոր «մայդանի» սցենարը Հայաստանում վերարտադրելու մասին, գյումրեցիները նախընտրում են իրավաբանների փոխարեն կարծիք չարտահայտել: «Էդ իրանք պետք ա իմանան, փաստեր հավաքեն, թե վերջում ինչ կպարզվի, չգիտեմ: Բայց եթե դաժե պարզվի, որ ամերիկացիների սարքածն ա, մեկ ա՝ գործիքն էդ … ա եղել: Պետք ա պատասխան տա». սա էլ ճանապարհին մեզ ուղեկցող մի մարդու կարծիքն է: Ասում են նաեւ, որ հունվարի 15-ի ակցիան «բորբոքում» էին արտասահմանից միջոցներ ստացող մի քանի անձինք: Այս խոսքից մեր զրուցակիցը վիրավորվեց. «Ուրեմն մենք էնքան չենք կարողանում մտածել, որ մեզ կառավարե՞ն…»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։