Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հարցազրույցում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, թե այդ հայեցակարգի վերաբերյալ հստակ տեսակետ կհայտնի, երբ այն հրապարակվի: Անգամ խոստացել էր վարձել ամենալավ դահլիճներն ու լայնածավալ քննարկումներ կազմակերպել: Սակայն հայեցակարգի հրապարակումից հետո նրա թիմակիցները հայտարարում են, որ չեն կարդացել ու չեն էլ կարդալու այն: «Ժառանգությունը» եւս չի պատրաստվում ընթերցել ու գնահատականներ տալ այս հայեցակարգին: Ամեն դեպքում, մինչեւ 2015 թվականն այն ընդլայնված քննարկման է ներկայացվելու, եւ իշխանության որոշ ներկայացուցիչներ քաղաքական ուժերի հետ կոնսենսուսը չեն բացառում: Շահագրգիռ կողմերի հետ քննարկումը կարեւորել է նաեւ Վենետիկի հանձնաժողովն իր տված դրական եզրակացության մեջ: Իսկ ինչպե՞ս են վերաբերվում քննարկումներին ու հայեցակարգին արտախորհրդարանական ուժերը:
ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանն ասաց՝ դեռ նիստ կանեն, ընդհանուր փաթեթը կքննարկեն եւ, անկախ հեռանկարներից, կհայտնեն իրենց վերաբերմունքը, բայց ինքն արդեն արտահայտել է կոնկրետ իր տեսակետը. «Հայաստանի պրոբլեմն այլ է, հենց գործող Սահմանադրությունը չկատարելը, ընտրություններ կեղծելը եւ այլն, եթե այս հարցերը չլուծվեն, ցանկացած մոդելի փոփոխություն այս իրավիճակում ուղղակի ավելի խորացնում է ՀՀ-ի խնդիրները»: Ընդդիմադիրների այն պնդմանը, թե կիսանախագահականից խորհրդարանական կառավարման մոդելին անցումը Սերժ Սարգսյանի վարչակարգի վերարտադրմանն է ուղղված, Իգիթյանը պատասխանեց. «Սա ճաշակի հարց է, ինձ համար 10-րդական հարց է, թե ինչ նպատակով է: Ես բովանդակային տեսակետից եմ կարծիքս հայտնում՝ մեզ մոտ ցանկացած օրենք, որ ընդունվում է պառլամենտի կողմից, եթե խորանանք, կգտնենք, թե ում համար է արվում, պարզ չէ՞, որ Հանրապետական կուսակցությունը որեւէ փոփոխություն իր ընդհանուր ու անհատական շահերից է բխեցնում, բայց ես ոչ կոնստրուկտիվ եմ համարում տեղափոխվել միայն այս դաշտ: Բոլորս հասկանում ենք, թե ինչ է կատարվում ու ինչի համար»: Հարցին՝ իշխանությունն առանց այս մոդելին անցնելու չէ՞ր կարողանա կազմակերպել սեփական վերարտադրումը, որ այն խնդիր է դարձել երկու ճամբարների միջեւ, պատասխանեց. «Իհարկե, այս իշխանությունը որեւէ պրոբլեմ չունի վերարտադրվելու այն մոդելով, որը գործում է այսօր»: Ծավալվող քննարկումների մասին Իգիթյանն ասում է. «Հանրության հետ քննարկել եւ այլն, դա սովետական ձեւ է, վերջում էլ կասեն, թե քննարկելով եկան այդ եզրակացության, բոլորն էլ հասկանում են, թե ինչի մասին է խոսքը, եւ հասարակությունն իր կյանքի բարելավումը դրա հետ չի կապում: Մենք սկզբից պիտի խոսենք՝ արդյոք պե՞տք են փոփոխություններ այս վիճակում, թե՞ չէ: Եթե մեկը համոզեր, որ մեր ունեցած մոդելը մենք օգտագործում ենք 100 տոկոսով, ու այդ դեպքում խոչընդոտ է ստեղծել ժողովրդավարությունը երկրում զարգացնելու, միասին կնստեինք-կքննարկեինք: Սակայն խնդիրները, որ առկա են ՀՀ-ում, որեւէ կապ չունեն Սահմանադրության հետ»:
Գրում է թերթը