Հայաստանն օրենքի երկիր դարձնելու կարգախոսը որդեգրած «Օրինաց երկիր» կուսակցությունը շարունակում է վիճահարույց տարածքում շինարարական աշխատանքները՝ թքած ունենալով դատարանի որոշման վրա: Երեւանի քաղաքապետարանը թեպետ դատարանի որոշումից հետո ապօրինի շինարարության համար կուսակցությանը երկու անգամ վարչական տույժի է ենթարկել, սակայն հաջորդ տուգանքի իրավունք, ըստ քաղաքապետարանի ներկայացուցիչների, չկա, ինչը մեծ անհանգստություն է առաջացրել Ագրարային համալսարանի կոլեկտիվի մոտ, որ ՕԵԿ-ն ավարտին կհասցնի տարածքի յուրացման իր ծրագիրը: «Հավանաբար, օրենսդրական փակուղի է, մեզ քաղաքապետարանի աշխատակիցներն ասացին, որ երրորդ տուգանքի իրավունքը չունենք, քննիչն էլ ասում է՝ երրորդ տուգանքի գործողությունն այն է, որ նորից գործ պետք է հարուցվի: Հիմա մտածում ենք՝ նորից բողոք ներկայացնել, որ գան, այս ամենի դեմն առնեն, շատ տարօրինակ է՝ ապօրինի շենք է կառուցվում, իշխանության բոլոր օղակները տեղյակ են, բայց որեւէ կանխարգելիչ քայլ չեն ձեռնարկում»,- մեզ հետ զրույցում ասաց Հայաստանի ագրարային համալսարանի պրոռեկտոր Պարույր Էֆենդյանը: Համալսարանի կոլեկտիվն օրեր առաջ դիմել է ԱԺ-ին՝ բուհի տարածքներն ՕԵԿ-ից «փրկելու» խնդրով: ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանից փորձեցինք ճշտել՝ ինչո՞ւ չեն կատարում դատարանի որոշումը եւ ապօրինի շինարարությունը շարունակում են: «Մենք որեւէ որոշում չենք խախտել, մենք կատարել ենք դատարանի որոշումը»,- ասաց նա: Խնդրեցինք պարզաբանել քաղաքապետարանի տուգանքների վերաբերյալ: «Այսօրվա վիճակում մարդը վարչական իրավախախտում թույլ տրված կհամարվի դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով, դուք խոսում եք վարչական ակտից, որը վիճարկվում է դատարանում, եկեք սպասենք: Ես էլ կարծում եմ, որ ՕԵԿ-ն այսօրվա դրությամբ որեւէ տուգանք չունի քաղաքապետարանի կողմից»,- ասաց նա:
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթում