Թեպետ քառյակում դեռ լեզու չեն գտնում համատեղ հանրահավաքի անցկացման հարցում, բայց սահմանադրական փոփոխությունների հարցն արդեն թեժացել է ՀՀԿ-ԲՀԿ տիրույթում: ՀՀԿ գործադիր մարմնի նիստում Սերժ Սարգսյանի հայտարարություններին Գագիկ Ծառուկյանի պատասխան հարցազրույցն անարձագանք չմնաց: Իշխանությունն «աբարոտկա» ֆռռաց ոստիկանապետ Վովա Գասպարյանի եւ ոստիկանական զորավարժությունների միջոցով՝ «թեժ աշուն» ծրագրողներին սպառնալով, որ պատրաստվում է «սառը ցնցուղ» կիրառել՝ օրորոցում խեղդելով քառյակի համատեղ հանրահավաք անցկացնելու փորձերը: Սրան զուգահեռ, լրատվամիջոցներով տեղեկություններ տարածվեցին, որ Սերժ Սարգսյանն իր նախաձեռնությամբ Ծառուկյանի հետ հանդիպել է, որին մասնակցել է նաեւ Հովիկ Աբրահամյանը: Եվ որ Սերժ Սարգսյանին չի հաջողվել համոզել Ծառուկյանին՝ հետ կանգնել սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարից: Չնայած ԲՀԿ-ին «արքայական» առաջարկ է արվել՝ նախագահի ներկայացուցչական պաշտոնը եւ «թագավորության կեսը»՝ նախարարական մեծաքանակ պորտֆելներով եւ մանդատների մոտ կեսով: Հովիկ Աբրահամյանն էլ, բնականաբար, ապագա վարչապետացուն է: Եվ միայն ԱԺ նախագահի «համեստ» պաշտոնն է իրեն հարմար գտել Սերժ Սարգսյանը: Դժվար է ասել՝ եթե նման առաջարկ է արվել, ինչու է հրաժարվել Ծառուկյանը եւ ինչպես է պատկերացնում իր եւ իր թիմի լիարժեք հաղթանակը: Սակայն փաստ է, որ անհանգիստ են ոչ միայն իշխանության դաշտում, այլեւ հանրահավաքի հարցն էլ վերջնական չէ: Իսկ հանրահավաքը կոչված է ընդդիմության, հատկապես ԲՀԿ-ի ուժը ցուցանելուն: Երեկ զրուցեցինք ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանի հետ, ով Վովա Գասպարյանին խորհուրդ տվեց ոստիկանապետի լիազորություններով զբաղվել եւ «ծառայել ժողովրդին»:
— Փաստորեն, դուք նույնպես վճռական եք տրամադրված, դուք նույնպես դեմ եք սահմանադրական փոփոխություններին եւ կարծում եք, որ դա իշխանության վերարտադրությանն է ուղղված:
— Ես միշտ կողմնակից եմ այն տեսակետին, որին նախագահն է կողմնակից, եթե երկրի նախագահը դեմ է, ուրեմն դա իրականացնելու պիտանի չէ:
— Հավանաբար, նկատի ունեք կառավարման մոդելի փոփոխությունը, երբ ամիսներ առաջ Սերժ Սարգսյանն էլ հայտարարեց, որ իրեն ավելի հոգեհարազատ է գործող մոդելը:
— Այո, երկրի նախագահը, երբ ներկայացնում էր սահմանադրական բարեփոխումները, հայտարարեց, որ դեմ է: Բայց ես կողմ եմ խորհրդարանական հարյուր տոկոս համամասնական ընտրակարգին ու կողմ եմ եղել միշտ:
— Իսկ Ձեզ մոտ հարց չի՞ առաջացել՝ ո՞վ է Սերժ Սարգսյանի կամքին դեմ գնացել եւ որոշել, որ կառավարման մոդելը, այնուամենայնիվ, պետք է փոխվի:
— Արջի քոթոթները երբ որ մեծանում են, սկսում են ի՞նչ անել… Երեք հատ կետ դրեք, ես ասացի այն, ինչ ասացի:
— Դուք եւ քառյակի առնվազն երկու ուժ հայտարարում եք, որ խորհրդարանական մոդելն իշխանության, այսինքն՝ Սերժ Սարգսյանի վերարտադրությանն է նպաստելու:
— Ուրեմն կուսակցությունն ունի քաղաքական դիրքորոշում, կատարել է հայտարարություն, լրիվ կողմ եմ:
— Բայց Ծառուկյանն ասաց, որ թող հայեցակարգը հրապարակվի, նոր կծանոթանանք ու կխոսենք, Դուք տեղյա՞կ եք՝ ինչպե՞ս է նպաստելու:
— Ես կուսակցական կարգապահությանը կողմնակից եմ եղել միշտ, առավել եւս, որ հասուն տարիքում եմ կուսակցական եղել:
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթում