Փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչների առաջին համագումարին, ինչպես եւ նախապես գրել էինք, ոչ մի պաշտոնյա չէր մասնակցում: Դահլիճի առաջին շարքում նստած էր Հազարավարդ տատիկը, նրա հետեւում՝ Հայաստանի միջին բիզնեսի մի քանի տասնյակից ավելի կոստյումավոր ներկայացուցիչներ: Խնդիրների քննարկումներին, օրինագծերի առաջարկություններին, տնտեսական վերլուծություններին 75-ամյա կինը չէր մասնակցում, սակայն դա ի՞նչ նշանակություն ունի, երբ այդքան մեծ հասակում Հազարավարդ տատիկը՝ Վայք քաղաքից, որոշել է բիզնեսով զբաղվել. «Փոքր խանութ ունեմ ավտոկայանում: 6 տարի առաջ ինքս նախաձեռնել եմ, ինքս բացել եմ, ես էլ աշխատեցնում եմ: Եթե գիտես օրենքները, հարկայինը չի կարող որեւէ բան անել, իրենք ինձ չեն կարող նեղություն տալ երբեք, որովհետեւ եւ օրենքները գիտեմ, եւ իմ պատասխանատվությունը, եւ նրանց պարտավորությունները գիտեմ՝ ինչու պարտավոր են, ինչու պարտավոր չեն»: Իսկ գործերը նորմալ ընթանո՞ւմ են, առեւտուր լինո՞ւմ է: «Առեւտուր ընդհանրապես չկա այս տարիների ընթացքում, եռակի պակասել է: Իսկապես պակասել է, մարդ չկա: Եթե այդ խանութն էլ չպահենք… ուրիշ ելք չկա, ապրուստի միջոց չկա»: Եթե այցելեք Վայքում Հազարավարդ տատիկի խանութը, ապա կտեսնեք, որ ցուցափեղկին փակցված է մի պիտակ. «Այս տնտեսվարողի շահերը պաշտպանվում են ՓՄՁ ասոցիացիայի կողմից»:
Մոտ մեկ տարի առաջ ստեղծվեց ՓՄՁ համագործակցության ասոցիացիան: Երեկ նրանք նշում էին իրենց մեկամյակը: «Մեկ ՓՄՁ ասոցիացիայի անդամը պաշտպանում է մնացածին եւ մնացածը պաշտպանում են նրան», «Այս տնտեսվարողի շահերը պաշտպանվում են ՓՄՁ ասոցիացիայի կողմից». այսպիսի լոզունգներ են ասոցիացիայի անդամ հանդիսացող կազմակերպություններն իրենց մուտքի դռներին փակցնելու:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։