Այսօր լրանում է առողջապահության փոխնախարար Արման Բաբլոյանի արձակուրդի ժամկետը, եւ, ամենայն հավանականությամբ, նա այլեւս չի վերադառնա իր պաշտոնին:
Արման Բաբլոյանն ԱԺ պատգամավոր, առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Արա Բաբլոյանի որդին է: Նա փոխնախարարի պաշտոնում նշանակվել էր անցյալ տարվա դեկտեմբերին, սակայն, ասում են՝ հայրիկն ավելի լավ գործ է գտել որդու համար, ինչպես նաեւ մատնանշել է որդուն փոխարինողին: Մենք արդեն գրել ենք, որ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը նախարարությունում «անգլիական թագուհու» կարգավիճակ ունի, եւ անգամ ամենաստորին օղակների կադրային քաղաքականությունն իրականացվում է «վերեւից», որտեղ էլ, ըստ որոշ լուրերի, որոշիչ է նախկին նախարարներ Դերենիկ Դումանյանի եւ Արա Բաբլոյանի կարծիքը: Տղայի փոխարեն Բաբլոյանը փոխնախարարի պաշտոնն ուզում է հայտնի վիրաբույժ ընկերոջ որդու՝ Բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Գագիկ Միրիջանյանի համար, ում նշանակումը, ասում են՝ օրերի հարց է: Թեեւ Միրիջանյանը, ըստ տեղեկությունների, առանձնապես աչքի չի ընկնում մասնագիտական հաջողություններով եւ երբ նշանակվել է աշխատակազմի ղեկավար, բժշկականում խիստ զարմացած են եղել, թե ինչպես են բուհը մի կերպ ավարտած Գագիկին նման պաշտոն տալիս: Բայց կարեւորն այն է, որ հայրիկը լավ ընկերներ ունի:
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթում