Ամանորյա տոներից հետո քաղաքական նոր սեզոնի մեկնարկի՝ համաժողովրդական շարժման վերսկսման գործընթացի մասին մեր տեղեկությունները երեկ ոչ միայն հաստատվեցին, այլեւ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակը որոշ մանրամասներ հայտնեց՝ հարուցելով ԲՀԿ-ի դաշնակից ՀԱԿ-ի քողարկված վրդովմունքը: Նախօրեին մենք գրել էինք, որ հունվարի 20-ին Ծառուկյանը նախաձեռնել է խորհրդաժողով՝ քննարկելու շարժման հետագա անելիքները: Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը հայտարարություն տարածեց, որ այդ խորհրդաժողովը կրելու է խորհրդատվական բնույթ, եւ հրավիրյալ քաղաքական ուժերի, քաղաքացիական նախաձեռնությունների, հասարակական ակտիվիստների մասնակցությամբ քննարկվելու են իրավիճակը, ելքերը: «Քննարկվելու է երկրում ստեղծված քաղաքական, տնտեսական բարդ վիճակը: Սա խորհրդակցական բնույթի միջոցառում է, որի նպատակն է վերլուծել, ամփոփել արդեն իսկ կատարված ծավալուն աշխատանքը, քննարկել հետագա անելիքներն ու քայլերը: Մեզ համար կարեւոր են քաղաքական եւ հասարակական շրջանակների ներկայացուցիչների տեսակետներն ու մոտեցումները: Մենք կարեւորում ենք, որ յուրաքանչյուրի փաստարկված առաջարկն ու տեսակետը տեղ գտնեն ընդհանուր որոշումների կայացման գործում: Գիտակցելով, որ երկրի համար կենսական կարեւորություն ունեցող հարցերի քննարկումն ու որոշումների ընդունումը չպետք է սահմանափակվեն նեղ կուսակցական ձեւաչափով, մենք իրոք կարեւորում ենք մեր քաղաքական գործընկերների ու երկրի խնդիրներով մտահոգ քաղաքական ուժերի ու հասարակական ակտիվ շրջանակների տեսակետներն ու շահագրգիռ մասնակցությունը»: Հայտարարության մեջ հարկ են համարել հատուկ ընդգծել, որ սա ոչ թե ԲՀԿ միջոցառումն է, այլ Գագիկ Ծառուկյանի անձնական նախաձեռնությունը՝ թերեւս հերթական անգամ ընդգծելով Ծառուկյանի լիդերության հանգամանքը: Այս առումով ՀԱԿ արձագանքում նկատելի վրդովմունք կար եւ անուղղակի հայտարարություն խորհրդակցությանը չմասնակցելու մասին: ՀԱԿ մամլո խոսնակ Արման Մուսինյանը, պատասխանելով iLur-ի հարցին, նշել է. «Ինչպես հայտնի է, Գագիկ Ծառուկյանը եւ ԲՀԿ-ն, բացի եռյակից, խորհրդակցությունների շարք են սկսել քաղաքական այլ ուժերի, հասարակական կազմակերպությունների եւ քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչների հետ: Հունվարի 20-ին հայտարարված հավաքն էլ այդ շարքի հերթական միջոցառումներից է, ինչի մասին մեր գործընկերները մեզ նախապես տեղյակ էին պահել: Ինչ վերաբերում է մեր մասնակցությանը, ապա մենք ԲՀԿ-ի հետ համագործակցում եւ խորհրդակցություններ ենք անցկացնում երկկողմ կամ եռյակի ձեւաչափերով»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։