տուն Մամուլ «Հրապարակ». Ինչ են պայմանավորվել ՀՀԿ-ական մարզպետն ՈՒ ԲՀԿ-ական քաղաքապետը

«Հրապարակ». Ինչ են պայմանավորվել ՀՀԿ-ական մարզպետն ՈՒ ԲՀԿ-ական քաղաքապետը

109
0

hraparak

Տավուշի մարզում հոկտեմբերի 4-ին՝ շաբաթ օրը, պատրաստվում են եռյակի հանրահավաքին: Այն տեղի է ունենալու Իջեւանում, որի քաղաքապետը ԲՀԿ-ական է: Իսկ մարզի ղեկավարը ՀՀԿ-ական Հովիկ Աբովյանն է, ով նաեւ ՀՀԿ տարածքային  կառույցի ղեկավարն է: Որքան էլ պնդումներ հնչեն, թե ԲՀԿ ղեկավարի ընդվզման շառավիղը մինչեւ իր բիզնես շահերի սահմանագիծն է, եւ նա չի կարող գնալ իշխանության հիմքերը խարխլելուն, սակայն լոկալ հանրահավաքներից իշխանությունը մտահոգություն ունի: Այսինքն՝ ՀՀԿ-ական եւ ԲՀԿ-ական մարզային չինովնիկների մակարդակով բախում կա, յուրաքանչյուրն իր ղեկավարին պետք է ապացուցի կարողությունները. ՀՀԿ-ն՝ խոչընդոտներ ստեղծելու առումով, ԲՀԿ-ն՝ զանգված հավաքելու: Եվ, որպեսզի այս շահերը սուր չբախվեն, մարզպետի եւ քաղաքապետի միջեւ արդեն պայմանավորվածություն կա: Տավուշից մեզ հասած լուրերի համաձայն, մարզպետն ու քաղաքապետը պայմանավորվել են պահպանել հավասարակշռությունը, որ միտինգավորները չդառնան «խելագարված ամբոխներ», որպեսզի քաղաքապետի հետագա պաշտոնավարման վրա չազդի, եւ հակառակ կողմից էլ չլինեն տհաճ միջամտություններ: Թերեւս սա է պատճառը, որ  քաղաքապետ Վարդան Ղալումյանը միտինգի նախապատրաստական աշխատանքների մասին հարցից նախօրեին փրփրեց եւ հրաժարվեց որեւէ բան ասել, իսկ Աբովյանը մեզ հետ զրույցում անվրդով ներկայացրեց իրենց առաջիկա անելիքները:

— Պարոն Աբովյան, ի՞նչ եք պայմանավորվել ԲՀԿ-ական քաղաքապետի հետ առաջիկա հանրահավաքի թեմայով:

— Ոչ մի պայմանավորվածություն չունեմ, ես չեմ  քննարկել էդ թեման, ինչի՞ պիտի քննարկեմ: Հանդիպում չենք ունեցել: Իսկ իրավիճակի հսկողություն իրականացնողները պատկան մարմիններն են, կան հասարակական կարգի պահպանության ծառայություններ, հանրահավաքների մասին օրենք եւ այլն:

— Իսկ Դուք ինչպե՞ս եք պատրաստվում առաջիկա հանրահավաքին, քաղաքապետը ԲՀԿ-ական է, Դուք՝ հակառակ ճամբարից: Արդեն նախադեպ կա, որ Ձեր կուսակիցները սադրիչ խմբերով են դիմավորում ընդդիմադիրներին՝ խոչընդոտելու հանրահավաքը:

— Չէ, ես ոչ մի խնդիր չեմ տեսնում, ոչ մի կերպ էլ չեմ  պատրաստվում, ինչպե՞ս պետք է պատրաստվեմ: Իրենք իրազեկել են հանրահավաքը, որն ի գիտություն է ընդունվել, կանեն, էլի, ի՞նչ ա եղել:

— Հրազդանում, Սիսիանում, Կապանում Ձեր կուսակիցները գործուղել են մարդկանց՝ այն խոչընդոտելու, Դուք նույնկերպ չե՞ք պատրաստվում:

— Ես ոչ մի ցուցում չեմ տվել, ոչ մի խոչընդոտելու խնդիր էլ չունենք: Եթե օրենքով սահմանված կարգով հանրահավաք են անում, թող անեն, ի՞նչ ա եղել: Ես ոչ մի բանի համար մտահոգություն չունեմ: Երեք օր ա մնացել, կլինի հանրահավաքը, ամեն ինչ պարզ կլինի, կոնկրետ միջոցառումներ մարզպետի կամ ՀՀԿ-ի կողմից չենք նախատեսել:

— Նիկոլ Փաշինյանը շատ լավ նախագիծ էր ներկայացրել սահմանամերձ գյուղերի մասին, որը բխում էր տեղի բնակչության շահերից, սակայն ԱԺ հանձնաժողովում մերժվեց: Ինչպե՞ս ընդունեցիք մերժելու հանգամանքը, չէ՞ որ այն բխում էր հենց Ձեր ղեկավարած մարզի համայնքների շահերից:

— Ճիշտն ասած, Ազգային ժողովում են մերժել, իրենց պետք է հարցնել: Բայց ինչ վերաբերում ա իմ կարծիքին, նմանատիպ փաթեթ՝ ավելի ծավալուն, ավելի ճկուն, արդեն կառավարությունը ներկայացրել ա ԱԺ՝ ինչքան գիտեմ:

— Ձեր նշած փաթեթը ներկայացնելիս Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, թե սկիզբ են դնելու սահմանամերձ համայնքների զարգացմանը, բիզնես գործունեությանը, մինչդեռ նախընտրական քարոզարշավի ժամանակ անգամ Սերժ Սարգսյանն էր հանդիմանել գյուղացուն՝ գյուղում «զավոդ» բացելու առաջարկի կապակցությամբ: Ձեր կարծիքով, գյուղացիներն ի՞նչ ռեսուրս ունեն թեկուզ հարկային այդ տեսակ արտոնությունների պայմաններում փոքր բիզնես սկսելու:

— Դե, սահմանամերձ տարածքներում արտոնություններ ենք տալիս, հնարավորություններ ենք տալիս… հարկային արտոնությունների դեպքում, իմ կարծիքով, կօգտագործեն այդ հնարավորությունը:

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթում