Սահմանադրական բարեփոխումների իրականացման համար Եվրոպայի պահանջով քաղաքական լայն կոնսենսուս ձեւավորելու պահանջին, ինչպես երեւում է՝ իշխող Հանրապետական կուսակցությունը ձեռնամուխ է եղել իրեն հավատարիմ՝ ստվերային բանակցությունների եւ քաղաքական առուծախի ոճով՝ գաղտնի հյուրընկալություններ կազմակերպելով նախագահական նստավայրում: Քանի որ Սերժ Սարգսյանի նախանշած վերջնաժամկետը՝ մինչեւ փետրվար-մարտ ամիսը, հարկավոր է լեզու գտնել հնարավորինս շատ թվով ուժերի հետ կոնսոլիդացիան ապահովելու համար՝ ի հակակշիռ այդ փոփոխություններին դեմ ոչ իշխանական բեւեռում հավաքվածների, որոնց առանցքը Գագիկ Ծառուկյանն է՝ իր ԲՀԿ-ով: Իսկ փոփոխությունների հայեցակարգը խնդրահարույց է դարձել առաջարկվող խորհրդարանական մոդելի պատճառով, ընդդիմախոսները համարում են, որ նոր մոդելով Սերժ Սարգսյանը պլանավորել է երկարաձգել իր իշխանությունը՝ դառնալով խորհրդարանի ղեկավար: Թերեւս մոտ ապագայում ՀՀԿ-ի «գրուպպա պադդերժկան»՝ ի թիվս գզրոցներում հայտնված կուսակցությունների, հերթով-շարքով-կարգով հայտարարությունների տարափ կստեղծեն: Բնականաբար, մեկնարկն էլ կտրվի ՀՀԿ-ին միաձուլված կուսակցությունների կողմից՝ Արտաշես Գեղամյանի «Ազգային միաբանություն», ՄԻԱԿ, ՀԺԱՄ, Սպարտակ Մելիքյանի «Ժողովրդավարություն եւ աշխատանք», Հայկ Բաբուխանյանի ՍԻՄ եւ այլն: Մինչ դա, փորձեցինք ինքնուրույն պարզել՝ արդյոք արտախորհրդարանական այն ուժերը, որոնք Ծառուկյանի թիմում չեն, կո՞ղմ են իշխանության առաջարկած բարեփոխումներին:
«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը չի զլանում հերթական անգամ կրկնել, որ բարեփոխումների թեման ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ փոխհամաձայնեցված խաղ է, որի նպատակն է մինչեւ հաջորդ ընտրություններ վերահսկողության տակ պահել քաղաքական դաշտը եւ ստեղծել երկբեւեռ օլիգարխիկ իշխանություն եւ ընդդիմություն.«Կույր պետք է լինել չտեսնելու համար, որ փոփոխությունները, որոնք իշխանությունը բարեփոխումներ է ներկայացնում, որեւէ աղերս չունեն բարեփոխումների հետ: Նպատակը վերարտադրվելն է: Սերժ Սարգսյանն ուզում է ՀՀԿ-ի «Ցեկայի» քարտուղար դառնալ՝ «գենսեկ», իսկ Քոչարյանն ուզում է ԲՀԿ-ով վերցնել թիվ մեկ քաղաքական ուժի դափնին: Հիմա այս խաղի մեջ ներքաշվելու համար կամ պետք է կույր լինել, կամ հիմարի տեղ դնել քեզ»: «Նրանք, ովքեր ներքաշվել են այս խաղի մեջ, ջութակի երկու լարեր են, մենք չենք ներքաշվել, չենք ներքաշվելու, բայց պայքարելու ենք այն ուժերի դեմ, որոնք համատեղ ծրագիր են իրականացնում», իսկ պայքարը, ըստ նրա, հեշտ չի լինելու, քանի որ, Մակեյանի խոսքով, ցավոք սրտի, ընդդիմադիր զանգվածի մի մասը, շնորհիվ Լեւոն Տեր-Պետրոսյանի, հայտնվել է օլիգարխիայի՝ Գագիկ Ծառուկյանի ազդեցության տակ. «Հիմա նախ պետք է այդ զանգվածն ազատագրել, հետո նոր պայքարել նենգ, հակապետական կլանը շենացնող ծրագրերի դեմ»: Մակեյանը բովանդակային քննարկում չի ցանկանում ծավալել, ասում է՝ անգամ զվարճալի է: «Եթե Հայաստանում քաղաքական կուսակցությունները կայացած չեն, չեն էլ կարող կայանալ, որովհետեւ ընտրական համակարգ չկա, ինչպե՞ս են անցում կատարելու պառլամենտական համակարգին»,- նկատում է նա:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։