տուն Մամուլ «Հրապարակ». Էլ ինչի՞ են նեյնիմ-նեյնիմ անում, թող ուղիղ ասեն

«Հրապարակ». Էլ ինչի՞ են նեյնիմ-նեյնիմ անում, թող ուղիղ ասեն

64
0

hraparak

Սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի քննարկումների արդյունքում վերջնական ընտրությունը կանգ է առել խորհրդարանական համակարգի վրա. լրագրողների հետ հանդիպմանը երեկ հայտարարել է սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ, արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանը: Նա տեղեկացրել է, որ սեպտեմբերի 19, 20, 21-ին Փարիզում՝ Վենետիկի հանձնաժողովում տեղի կունենան ՀՀ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի քննարկումներ: Այնուհետեւ, հոկտեմբերի 15-ին, հայեցակարգը կներկայացվի Սերժ Սարգսյանի հաստատմանը: Մինչդեռ նախկինում Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները Հայաստանի նման պատերազմող երկրի համար կառավարման այս մոդելը նույնիսկ վտանգավոր էին  համարում եւ մերժում ոչ իշխանականների համապատասխան առաջարկները։ Ինչու ՀՀԿ-ն փոխեց իր որոշումը, եւ ինչպես վտանգավոր մոդելը դարձավ անվտանգ՝ զրուցեցինք ՀՀԿ-ական պատգամավոր Համլետ Հարությունյանի հետ։

— Նախկինում հրաշալի քառյակի բոլորը ուժերը նույնպես պայքարում էին կառավարման այս մոդելի հաստատման համար, մինչդեռ ՀՀԿ-ն համառորեն մերժում էր՝ այն վտանգավոր համարելով, ի՞նչ փոխվեց այս ընթացքում։

— Նախ, այդպիսի քննարկումներ, ինչքան որ ես հիշում եմ, չեն եղել, որ ՀՀԿ-ն մերժի, իսկ ես երկարակյաց եմ այդ կուսակցության մեջ, բայց ընդդիմադիր կամ ոչ իշխանական շատ ուժեր ժամանակին պահանջում էին, որպեսզի անցնենք խորհրդարանական կառավարման համակարգին։ Երբ այդ հեղինակային իրավունքը ՀՀԿ-ն վերցրեց իր վրա եւ ներդրեց սահմանադրական բարեփոխումներում, բոլորը միանգամից դարձան նախագահականի կողմնակիցներ։ Ես, որպես անձ, գուցեեւ հին սերնդի ներկայացուցիչ, կողմ կլինեմ միանձնյա կառավարմանը, բայց, որպես մասնագետ (իրավագետ չեմ, բայց պատմաբան եմ), ինձ թվում է, որ խորհրդարանական մոդելն առաջադիմական է, հատկապես կուսակցությունների գործունեության ընդլայնման, նրանց դերի բարձրացման համար, ինչպես նաեւ ԱԺ դերի բարձրացման համար։

— Հիմա քառյակից երեքն առնվազն դեմ են այդ փոփոխությանը, բացի ՀՅԴ-ից, քանի որ կասկածներ ունեն, որ այդ բարեփոխումներով Սերժ Սարգսյանի իրական նպատակն է հավերժացնել իր իշխանությունը, քանի որ նոր Սահմանադրությամբ ամբողջ իշխանությունն անցնում է խորհրդարանական մեծամասնությանը: Սերժ Սարգսյանը, լինելով իշխող քաղաքական ուժի ղեկավար եւ զբաղեցնելով խորհրդարանի ղեկավարի պաշտոնը, կշարունակի լինել երկրի փաստացի ղեկավարը:

— Եթե անգամ Սերժ Սարգսյանը որպես ՀՀԿ նախագահ որեւիցե պաշտոն չզբաղեցնի, եւ իր կուսակցությունը մեծամասնություն կազմի խորհրդարանում, նա նույն ազդեցությունն է ունենալու քաղաքական կյանքում, ինչպես, եթե զբաղեցնի պաշտոն։ Դրա անալոգները համաշխարհային պրակտիկայում շատ են։ Ինչ է, Սերժ Սարգսյանին ասենք՝ հրաժարվի՞ ՀՀԿ  ղեկավարից։ Յուրաքանչյուր մարդ ունի իր քաղաքական ճակատագիրը, իր կենսագրությունը։ Այսօր Սերժ Սարգսյանի քաղաքական ճակատագիրը կապված է ՀՀԿ-ի հետ, եւ նա այդ կուսակցության նախագահն է։ Այդ դեպքում լավ կլինի, որ ես խորհուրդ տամ մեր ընդդիմախոսներին, որ ոչ թե պահանջեն Սերժ Սարգսյանի հրաժարականը պետական պաշտոնից, այլ դնեն ՀՀԿ-ի նախագահ լինել կամ չլինելու հարցը։ Եվ հետո՝ Սերժ Սարգսյանը չի ասել, որ ես կստանձնեմ որեւիցե պաշտոն եւ այն էլ՝ ղեկավար, ընդհակառակը՝ հայտարարել է, որ մեր երկրում վարչապետ, նախագահ կարիք չկա, որ լինի։

Նաեւ չի հայտարարել, որ ինքն ապագայում կլինի որեւէ պաշտոնում, բայց, չգիտես ինչու, բոլորն սկսել են խոսել, որ Սերժ Սարգսյանն իր պետական պաշտոնը հավերժացնելու նպատակով է անում այդ փոփոխությունները։ Դե, ուրեմն, թող բոլորը ոչ թե նրա՝ իբրեւ նախագահի հրաժարականը պահանջեն, այլ ՀՀԿ ղեկավարի։ Եթե ՀՀԿ-ն մեծամասնություն ունենա խորհրդարանում, ես անկեղծորեն վստահեցնում եմ, որ անկախ նրանից՝ Սերժ Սարգսյանը պաշտոն կզբաղեցնի, թե ոչ, կունենա նույն ազդեցությունը, ինչպես որ ունեցել է։ Թե չէ Պարույրը հացադուլ է անում, մյուսը դասադուլ է անում, պահանջում են նախագահի հրաժարականը։

— Ընդամենը ամիսներ առաջ խորհրդարանի ներկայիս ղեկավար Գալուստ Սահակյանը խորհրդարանական մոդելը խիստ վտանգավոր համարեց Հայաստանի նման պատերազմող երկրի համար, ՀՀԿ-ում հաշվարկե՞լ են այդ ռիսկերը։

— Ես չեմ կարծում, որ ՀՀԿ-ում բոլորը նույն կարծիքը պետք է ունենան, իհարկե, եթե տարիքս եւ կենսափորձս հաշվի առնենք, կառավարման նախագահական մոդելն ինձ ավելի սրտամոտ է, բայց երբ նայում ենք ժամանակներին եւ տեսնում, թե որն է դեպի ժողովրդավարություն տանում, ապա նախապատվությունը տալիս եմ խորհրդարանականին։ Ղարաբաղի հարցը պետական կառավարման ձեւի եւ բովանդակության հետ ընդհանրապես կապ չունի, այն համազգային, համահայկական հարց է, եւ, անկախ կառավարման մոդելից, ուշադիր ենք լինելու Ղարաբաղի ժողովրդի անվտանգության հարցում։ Իսկ բարեփոխումների ընթացքում կընտրվեն համապատասխան մեխանիզմներ՝ հրատապ պատերազմ կամ խաղաղություն հայտարարելու համար։ Դա մեծ բարդություն չի ներկայացնում։

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթում